Կռվող տղերքի կարիք մենք այնքա՜ն ունեինք. Վաշտի հրամանտարը՝ 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը:
Մարտակերտում հակառակորդի ահ ու սարսափ դարձած, թշնամուն տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ պատճառած վաշտի զինվորները հիշում են՝ երբ պատերազմը սկսվել է, շատ չեն խառնվել, միանգամից կենտրոնացել ու անցել են գործի: Մեծ ուժ է տվել հատկապես վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը, ում աչքերում վախի ոչ մի արտահայտություն չեն տեսել կռվի սկզբից մինչև վերջ:
«Կռվող տղերքի կարիք մենք այնքա՜ն ունեինք: Ես պարտված չեմ, որտեղ որ եղել եմ, այդ հատվածը կա, այն պահել ենք մեծ ջանքերի գնով: Թող ոչ ոք չկանգնի, ասի՝ այս հարմարությունը չկար, այն հարմարությունը չկար: Կռվի ժամանակ սովորական պարկով ու անվադողերով ես իմ տեղն ամրապնդել եմ: Ես իմ ստորաբաժանումով երկու անգամ տանկերի գրոհ եմ կանգնեցրել, 6 անգամ 200 հոգանոց զորք է հարձակվել մեզ վրա, բայց ոչ մի անգամ չեն կարողացել ճեղքել մեր հատվածը: Անձնակազմի 80 տոկոսն արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի: Ժամկետային շատ զինծառայողներ ուզում են շարունակել ծառայությունը, դիմել են, որ սպայական կոչում ստանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը:
«Ինչ վերաբերում է հետագային, որպես զինվորական՝ կարող եմ ասել, որ երեխաների մեջ մանկուց պետք է հայրենասիրություն դաստիարակվի: Միայն զինվորականը չէ, որ պարտավոր է կռվել, սակայն յուրաքանչյուր զինվորական պետք է գիտակցի, որ հայրենիքի համար առաջինն ինքն է, որ պետք է պայքարի, առաջ գնա»,- հավելեց վաշտի հրամանատարը:
Հիշեցնենք, որ 2020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։10 Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ կիրառելով չթույլատրված զինատեսակներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված՝ ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։