Խելահեղ կողոպուտն ու ֆուտբոլը, «Թղթե տուն» սերիալի ֆուտբոլային փիլիսոփայությունը
2021 թվականի սեպտեմբերին Netflix-ը ներկայացրեց «Թղթե տուն» սերիալի հինգերորդ և վերջին եթերաշրջանը: Իսպանական հեռուստաշոուն փոթորկեց Netflix-ը, բայց այն հատկապես սիրված է Եվրոպայում։ Ֆուտբոլի աստղերն այս սերիալի կերպարների երկրպագուներ են, իսկ դերասաններն իրենք են այցելում մարզադաշտեր և խոսում իրենց սիրած թիմերի մասին: Եվ դա զարմանալի չէ՝ սերիալում շատ է ֆուտբոլային փիլիսոփայությունը:
Զգուշացում, տեքստը պարզապես լի է սփոյլներով:
Սերիալը հետաքրքիր է նրանով, որ հեղինակները գրում են սցենարը հենց նկարահանումների ժամանակ: Նույնիսկ դերասանները նախապես չգիտեն, թե ինչ կլինի: Սյուժեն հիմնված է Թագավորական դրամահատարանի և Իսպանիայի բանկի խոշորագույն կողոպուտների վրա: Գործողության պլանը ղեկավարում է պրոֆեսոր Սերխիո Մարկինոն: Ավազակները անունների փոխարեն օգտագործում են քաղաքների անուններ՝ Մոսկվա, Նայրոբի, Տոկիո, Դենվեր, Բեռլին, Ռիո, Օսլո, Հելսինկի: Հենց սկզբում նրանց հետ բախվում են տեսուչ Ռաքել Մուրիլյոն և երկրի հետախուզական ծառայությունը:
Սկզբում «Թղթե տունը» ընդհանրապես դիտումներ չէր հավաքում: Այնուամենայնիվ, ստեղծողները ելք գտան՝ փոխեցին դրվագների ժամանակը և ավելացրեցին ավելի շատ ֆուտբոլ:
Կերպարների երկխոսությունները
Շոուն մեծ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր կերպարի խոսքին: Օրենքի որ կողմումն էլ հերոսները լինեն, նրանք պարզապես ֆուտբոլ են սիրում:
Ֆուտբոլի մասին նշումը կարելի է գտնել դեբյուտային եթերաշրջանում: Իսպանական դրամահատարանի կողոպուտի համար պատասխանատու ոստիկանների հեռախոսազրույցի ժամանակ Անխելը որոշում է ներկայացնել իր զգացմունքներն իր ղեկավարի՝ տեսուչ Ռաքել Մուրիլյոյի նկատմամբ:
«Դուք ինձ անվանեցիք անակնկալների արկղ: Ինձ դուր գալ չեն կարող թանգարաններն ու ժամանակակից արվեստագետները: Չեմ կարող ոչինչ սիրել, բացի իմ «Ատլետիկոյից»»: Այս տեղեկատվությունն ուղղակիորեն չի ազդում սյուժեի վրա, այլ ներկայացնում է կերպարը և նրա նախասիրությունները:
Ավազակները գրեթե երկու քայլ շրջանցում են ոստիկաններին: Ռաքելը չգիտի, թե ինչ պետք է անի, և չի ցանկանում պատանդ վերցնել: «Նայեք դրան ֆուտբոլի պես։ Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպես սկսվեց առաջնությունը, եթե, ի վերջո, այնտեղ հաղթեց Իսպանիան»,- տեսուչին խորհուրդ է տալիս իսպանական հետախուզական ծառայության գնդապետ Պրիետոն: (1-ին եթերաշրջան, Սերիա 8):
Սերիալի երկրորդ եթերաշրջանի ամենահայտնի միտքն ասում է Ռիոն դժվար իրավիճակում. Ես սպիտակ դրոշը ծածանելու եմ միայն այն ժամանակ, երբ «Ռեալը» հաղթի:
You’ll Never Walk Alone-ը մեկ այլ ֆուտբոլային հղում է երրորդ սեզոնի երկրորդ դրվագում: Փողոցում գտնվող մարդիկ աջակցում են պրոֆեսորի խմբին և դեմ են ոստիկանության դաժանությանը, մինչդեռ «Լիվերպուլի» օրհներգը հնչում է երկրորդ պլանում: Այս տեսարանն ավարտում է դրվագը, և Տոկիոն նույնիսկ արտասանում է հայտնի արտահայտությունն անգլերենով: Այս դրվագում օգտագործվում է իրական պատմություն։ 2018 թվականին «Ռենի» երկրպագուները փակցրեցին պաստառներ «Թղթե տան» կերպարներով և «La Casa de Roazhon» մակագրությամբ (հղում՝ Roason Park տնային մարզադաշտին):
Սերիալի ստեղծողներն այս դրոշակն օգտագործեցին երրորդ եթերաշրջանում։ Նրանք ասացին, որ դրոշը պատրաստվել է Ֆրանսիայում, բայց մակագրությունը փոխարինվել է ավելի հարմար գրությամբ՝ «Ազատություն, հավասարություն, դիմադրություն»:
Ֆուտբոլային փիլիսոփայությունը
Պրոֆեսորի կողոպուտն այն խաղն է, որն ամենից լավ գիտի: Իսկ նրա տղաները հասկանում են ֆուտբոլը: Հետևաբար՝ Սերխիոն օգտագործում է ֆուտբոլի այլաբանությունները՝ շատ կետեր բացատրելու համար:
«Թղթե տունը» դիտողին անընդհատ ներկայից տանում է անցյալ: Կողոպուտը նախապատրաստելիս պրոֆեսորը փիլիսոփայություն և հոգեբանություն է սովորեցնում Դալիի դիմակներով բանդային: Նա հարցնում է, թե ինչն է մարդկանց ավելի մոտեցնում, քան որևէ այլ բան: Իսկ Դենվերը, Մոսկվան և Տոկիոն, առանց վարանելու, ասում են՝ ֆուտբոլ:
Բրազիլիա-Կամերուն հանդիպման օրինակով պրոֆեսորն օգնում է կողոպտիչներին հասկանալ իրենց աշխատանքի փիլիսոփայությունը։ Նրա հանցակիցներն ընտրում են Կամերունը, բայց հասկանում են, որ Բրազիլիան կհաղթի: «Մարդիկ ենթագիտակցորեն գրեթե միշտ ընտրում են նրանց, ովքեր ավելի քիչ շանսեր ունեն»,- ասում է Սերխիոն:
Հեղինակները չեն դադարում խոսել միայն ֆուտբոլի մասին: Չորրորդ եթերաշրջանում Պրոֆեսորի բանդան դադար է վերցնում իրենց մշտական գործունեությունից՝ ֆուտբոլ խաղալով: Տոկիոն պաշտպանում է դարպասը, իսկ Դենվերն ու Պալերմոն անկյունից պայքար են մղում գնդակի համար: Պրոֆեսորը դատում է խաղը և բացատրում, որ սա միայն ֆուտբոլ չէ, դա փիլիսոփայություն է` հակառակորդին բացահայտելու և բարոյալքելու ունակությունը:
Հենց այս պահն է հիշվում Տոկիոյում, երբ նա վիրահատում է մահամերձ Նայրոբիին: Ֆուտբոլի մասին հիշողություններն օգնում են նրան կենտրոնանալ և փախչել ընկերուհու մահվան սարսափելի մտքերից: Նախկինում Սենյորիտա Տոկիոն փրկում էր իր թիմի դարպասները՝ Նա իրացնում էր վճռական 11-մետրանոցը, իսկ ներկա պահին նա գնդակը հանում է Նայրոբիի թոքերից: Նույնքան սառն ու անվրեպ:
Սերիալում ֆուտբոլասերների սիրելի դրվագներից մեկը Նեյմարի հետ տեսարանն է: «Պարի Սեն Ժերմենի» աստղը մարմնավորել է Սան Պաուլոյից հեզ վանականին:
Բրազիլացի ֆուտբոլիստը հետաքրքիր երկխոսություն է վարում գլխավոր հերոսների՝ պրոֆեսորի և նրա հանցակից եղբոր հետ: Բեռլինը հիանում է Բրազիլիայով. «Բրազիլիա… Ինչ հրաշալի վայր է: Զվարճանքի երկիր, կառնավալներ, ֆուտբոլ: Նրանց խաղացողները գեղեցիկ են խաղում, նրանք խաղում են ուրախությամբ, առանց վախի: Նրանք չեն կարծում, որ ինչ-որ բան կարող է սխալ լինել, նրանք սիրում են խաղը, և բոլորը պարում են, մինչ նրանք խաղում են: Միայն այդ պատճառով նրանք վերևում են, եղբայր: Նրանք ամենալավն են»։
Սցենարի հեղինակները Նեյմարի կերպարին տվեցին հեգնական ակնարկ, որում նա Բեռլինին պատասխանում է, որ ինքը չի սիրում ֆուտբոլը և երեկույթները:
Սերիալի ազդեցությունը ֆուտբոլի վրա
Սերիալը շատ են սիրում նաև ֆուտբոլիստները։ Դե Յոնգը և Պալերմոն օգնեցին դրա առաջխաղացմանը, իսկ մի շարք ակումբներ դուրս եկան դաշտ Դալիի դիմակներով։
2018 թվականին բրազիլական «Ֆորտալեզայի» ֆուտբոլիստներն իրենց համար երաշխավորեցին «B» Սերիայի չեմպիոնների տիտղոսը:
Իսկ հետո նրանք դուրս եկան դաշտ «Բելլա Չաո» երգի ուղեկցությամբ։ Ի դեպ, սերիալի թողարկումից հետո այս երգը շատ սիրված դարձավ աշխարհի ֆուտբոլասերների շրջանում: Հայաստանի հավաքականի երկրպագուները՝ Առաջին հայկական ճակատը, վերափոխել է այս երգը՝ դարձնելով Հայաստանի հավաքականի մասին երգ։
Անցյալ տարի Եգիպտոսի օլիմպիական թիմը նույն հնարքն արեց։ Նրանք հասան մինչև 23 տարեկաների՝ Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Դալիի դիմակներով՝ երգելով «Բելլա Չաոն»: Եվ նվաճեցին գավաթը: Վճռական գոլը Կոտ դ’Իվուարի դեմ խաղում եգիպտացիները լրացուցիչ ժամանակում խփեցին (2:1):
Սոցիալական ցանցերում սերիալով հիացել են Բարտրան, Ումտիտին և Դանի Ալվեսը: Լուկ դե Յոնգը օգնեց Նեթֆլիքին սերիալի առաջխաղացման մեջ Նիդեռլանդներում և Բելգիայում, իսկ Մարտին Պալերմոն՝ Արգենտինայում:
Պալերմոյի գաղափարը շատ հետաքրքիր էր: Նա «Բոկա Խունիորսի» ռեկորդակիրն է խփած գոլերի քանակով (234): Արդյունքում՝ շարքում հայտնվեց Պալերմո անունով մի կերպար, որը խաղում էր արգենտինացի դերասան Ռոդրիգո դե լա Սերնան: Իրական կյանքում նա, իհարկե, «Բոկայի» երկրպագու է:
Բայց «Թղթե տան» հիմնական երկրպագուն Նեյմարն է: Երրորդ եթերաշրջանում նա ոչ միայն հայտնվեց մի քանի դրվագներով՝ խաղալով բրազիլացի վանականի դեր, այլ հայտնվեց թիմի երեկույթներին կարմիր կոստյումով:
Սիրարփի Աղաբաբյան