Բաժիններ՝

Ինչպես գեղեցիկ ծերանալ. ֆրանսիացի կանանց գաղտնիքները

Տարիքի հետ ֆրանսուհիներն իրենց թույլ են տալիս ավելին… Ֆրանսիացի կանանց գեղեցիկ ծերության գաղտնիքներին է ծանոթացնում cluber.com.ua կայքը:

Ակտիվ կենսակերպը ֆրանսուհիների համար ակտիվ է մնում մինչև խոր ծերություն

Ֆրանսիայում ակտիվ կենսակերպը համարվում է ազգային մշակույթի մաս, և տարիքի հետ դրանից հրաժարվել ընդունված չէ: Ֆրանսիացիները գնում են արշավների, մագլցում ժայռեր, թենիս են խաղում, վազում այգիներում, դահուկ քշում և այլն: Սա հենց կենսակերպ է, այլ ոչ սպորտով զբաղվել: Եվ անգամ հանգստանալու մեկնելիս նրանք գերադասում են ակտիվ հանգիստը:

Հումորի զգացումը՝ որպես հզոր հակաօքսիդանտ

Հանրահայտ ֆրանսիական սարկազմը ֆրանսուհիներին օգնում է իրենց տարիքն ու ծերությունը որպես անձնական դրամա չընդունել: Ոչ մի այլ լեզվում չկան այնքան ասացվածքներ կնոջ ծերության ու տարիքի վերաբերյալ, որքան ֆրանսերենում: Ֆրանսիացիների համոզմամբ՝ կանանց կրքի երկրորդ շրջանը 40-50 տարեկանն է:

Սնունդը՝ որպես կրոն

Բոլորին է հայտնի, որ ֆրանսիացիները, ի տարբերություն ամերիկացիների, սննդի պաշտամունք ունեն, բայց նրանց մոտ այդ պաշտամունքը դրսևորվում է ոչ թե շատ, այլ շքեղ սնվելու ու համադամ կերակուրներ ուտելու ցանկության մեջ: Ֆրանսուհիներն առհասարակ քիչ են ուտում, իսկ տարիքի հետ, երբ ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս, նրանք ավելի ու ավելի հաճախ են գնում ռեստորաններ ու սրճարաններ՝ վայելելով փոքր չափաբաժիններով ընտիր կերակրատեսակներ, գինի ու լավ մարդկանց ընկերակցությունը: Այս ամենը, իհարկե, օգնում է քիչ թե շատ պահպանել քաշը, և 20-40 տարեկանի միջև քաշի կրիտիկական տարբերություն չի նկատվում, ինչպիսին լինում է, ասենք, ամերիկացիների մոտ:

Տարիքի հետ ֆրանսուհիները թույլ են տալիս ավելին, ոչ թե սահմանափակում են իրենց

Տարիքի հետ, երբ երեխաները մեծանում են ու ավելի քիչ ուշադրություն են պահանջում, ֆրանսուհիները հանգիստ կենտրոնանում են իրենց անձի վրա: Ավելի շատ գումար են ծախսում իրենց հաճույքների վրա, թույլ են տալիս ուղևորություններ առանց ընտանիքի, գնում են ավելի թանկ հանգուստ: 40-ամյա ֆրանսուհին խղճի խայթ չի ունենա իր համար թանկարժեք կոշիկ գնելիս ու չի մտածի, որ այդ գումարով անչափահաս որդու համար կարող էր խաղային հավելված գնել: Ավելին, դա կհամարի միակ ճիշտ որոշումը: Թոռներին խնամել Ֆրանսիայում ընդունված չէ, և այնտեղ ոչ ոք տատիկներին չի ընկալում՝ որպես ձրի դայակների:

Տարիքի հետ զգեստապահարանում հագուստն ավելի քիչ է, բայց այն էականորեն թանկ է և որակյալ

Նույնիսկ միջին շահույթ ունեցող կանայք իրենց համար գնում են թանկ ու հարմարավետ իրեր՝ քաշմիր, մետաքս, լավ կոշիկ և գոնե մեկ թանկարժեք պայուսակ: Այս ամենը միասին ամբողջացնում են հասուն կանանց այն էլեգանտ ոճը, որով այնքան հիանում են զբոսաշրջիկները:

Տարիքի հետ սոցիալական կյանքը չի չեղարկվում, այլ ուղիղ հակառակը

Ի տարբերություն ամերիկուհիների, որոնք հաճախ նախընտրում են հեռուստացույցն ու սոցիալական կյանքի տնային հանգստի տարբերակը, ֆրանսուհիները, հատկապես խոշոր քաղաքներում, առավել ակտիվ են դառնում: Երեխաներն արդեն մեծ են ու անընդհատ ուշադրություն չեն պահանջում, կենցաղը կարգավորված է, և ճիշտ ժամանակն է գնալ երեկույթների, լավ բարեր, կինոթատրոն, բիենալե և այլուր: Ակտիվ սոցիալական կյանքը պարտադրում է արտաքին տեսքի իր կանոնները՝ սանրվածք, խնամված ձեռքեր, գեղեցիկ հագուստ և անպայման բարձրակրունկ հարմարավետ կոշիկներ:

Տարիքը հիվանդություն չէ և բուժում չի պահանջում

Ֆրանսիացիները հանգիստ են վերաբերվում իրենց տարիքին ու կնճիռներին, և չափազանց ակնհայտ ձգումներն ու արհեստական միջամտություններն ավելի շատ արհամարհանքի են արժանանում նրանց կողմից, ինչպես, օրինակ, հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովի պարագայում: Ի տարբերություն երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու վրա խախտված ամերիկացի կանանց, ֆրանսուհիները համարում են, որ որոշակի տարիքում կանանց մոտ կնճիռների բացակայությունն ավելի շուտ հոգեկան խնդիրների առկայության նշան է, քան նախանձելու առիթ: Ֆրանսիայում շատ ավելի ընդունված է ապարատային կոսմետոլոգիան, քան կոսմետիկ վիրաբուժությունն ու բոտոքսը:

Սեքսուալության և սեռական կյանքի համար տարիքային սահմաններ չկան

Ընդհակառակը, Ֆրանսիայում ընդունված է համարել, որ 40-ից հետո է գալիս երկրորդ երիտասարդությունը, և ճիշտ ժամանակն է վայելել տարիքային փորձառության պտուղները:

Տարիքի հետ կարելի է ամեն ինչ, բայց չափավոր քանակով

Գինի, մինչև ուշ գիշերային երեկույթներ ու նույնիսկ ծխախոտ… Մոտավորապես այսպիսին է 52-ամյա ֆրանսուհին, ով ծխում է օրական ճիշտ մեկ ծխախոտ առավոտյան սուրճի հետ, նախաճաշից հետո: Ֆրանսուհիները երիտասարդ տարիքում երկար տարիներ ծխում են, հետո թողնում՝ վայելելով մեկ սիգարետի հաճույքը:

Որպես վերջաբան՝ ֆրանսուհիների համար գլխավորը հարգանքն է իրենց անձի ու տարիքի նկատմամբ, իսկ գեղեցիկ ծերացող ֆրանսուհիներից ստացած ամենաօգտակար դասը հաճույքով ապրելն է, չծուլանալը: Սրա մեջ մտնում է ամեն բան՝ սկսած համեղ սննդից ու սեքսից՝ մինչև գեղեցիկ իրեր, սիրելի հոբբիներ և ճամփորդություններ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս