Հայաստանը՝ երկբևեռ խանգարման ճիրաններում

Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված «գունագեղ»-կրկեսային միջոցառումներն ավարտվեցին, հնչեցին ճոռոմ ու պաթետիկ բոլոր տեքստերը, ռաբիսը դրսևորվեց բոլոր հնարավոր արտահայտություններով, իշխանությունների և «գունագեղի» ագրեսիվ կողմնակիցները հայհոյեցին դրանց ընդդիմախոսներին և հակառակը։

Հայաստանն իր անկախության 30-ամյակը նշեց առավելագույն պառակտվածությամբ, բզկտվածությամբ ու հակասականությամբ։ Առանձին վերցրած այս կարևոր միջոցառման անցկացման ձևի շուրջ հանրային դիսկուրսը բորբոքվեց անկարելիության աստիճանի։ Այդ հարցը քննարկվեց այնպես, ինչպես տեղի է ունենում ցանկացած խոշոր կամ մանր հարցի քննարկում՝ ծայրահեղություններով։ Չնչին բացառություններով հնչեցին կա՛մ անկախությունը «գունագեղ» տոնելու՝ ցինիզմի հասնող առաջարկներ, կամ ընդհանրապես որևէ կերպ այն չնշելու կարծիքներ։

Անկախության տարեդարձն անցավ, բայց հանրային օրակարգի ծայրահեղականությունը մնաց և շարունակելու է ուղեկցել նաև առաջիկայում, երբ սպասվում են պետության ու հասարակության համար կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող զարգացումներ ու որոշումներ։ Այն դեպքում, երբ որևէ հարցի քննարկում ծայրահեղության հարթություններում անցկացնելու մեթոդոլոգիան գրեթե իսպառ բացառում է արդյունավետ, օպիմալ, հաշվարկված որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Այդ նույն ծայրահեղականությունը մենք տեսնում ենք Հայաստանի ու Արցախի համար ամենազգայուն հարցերում՝ սկսած սահմանազատումից ու խաղաղության հնարավոր պայմանագրի կնքումից՝ մինչև հայ-թուրքական հարաբերությունների հավանական հաստատում։

Մոտեցումները կրկին խիստ բևեռացված են․ իշխանությունն առաջնորդվում է ամեն գնով, ցանկացած նվաստացման ու անարժանապատվության հաշվին անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու խիստ վտանգավոր մոտեցմամբ, ընդդիմախոսները ներկայացնում են ծայրահեղ հակադիր կարծիք՝ բացառելով այդ կարևորագույն ուղղություններով որևէ հաշվարկված և Հայաստանի շահերից բխող զարգացում։

Բոլոր թվարկված և չթվարկված դեպքերում քննարկումների ծայրահեղացվածությունը գրեթե ամբողջությամբ դուրս է մղում այդ հակադիր մոտեցումների մեջտեղում գտնվող տարբերակները, այն դեպքում, երբ ինչպես ճշմարտությունը, այնպես էլ արդյունավետ որոշումները, որպես կանոն, պետք է որոնել հակադրությունների մեջտեղում՝ գտնելու համար պարզունակ թվացող, բայց կյանքի փորձով արդարացված ոսկե միջինը։ Հենց դա, ի թիվս այլ կարևորագույն գործոնների, պակասում է Հայաստանին, քաղաքականությամբ զբաղվողներին ու որոշումներ կայացնողներին։ Այդ՝ ծայրահեղականության ֆենոմենը, որն իր գործառութային նշանակությամբ  իրականում հակաֆենոմեն է, վկայում է մեր քաղաքական կյանքում, էլիտաների հարաբերություններում մտքի, մտածողության կա՛մ բացակայության, կա՛մ խիստ չափավոր դերակատարության մասին, որովհետև  ծայրահեղականությունը լայն իմաստով զգացմունքայնության, էմոցիաների արտահայտություն է։

Քաղաքական օրակարգի այս մոդելը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը, որը չունենալով ինտելեկտուալ հիմք և հիմնված լինելով առավելապես մարդկանց հույզերի ու դրանց սպասարկման պոպուլիստական միջոցների վրա՝ միշտ շահած է դուրս գալիս որևէ հարց ծայրահեղությունների տիրույթում քննարկելիս։

Միտքը, գաղափարը, ինտելեկտը ոչ միայն հեռու են այս իշխանությունից, այլ նրա օրգանական թշնամիներն են, ինչը նշանակում է, որ իշխանությունն ինքն ամեն ինչ անելու է հանրային-քաղաքական դիսկուրսի այս դիսֆունկցիոնալ մոդելի պահպանման համար, որովհետև դա հնարավորություն է տալու ընդունել ցանկացած՝ անգամ ամենահակապետական որոշում, և դա մատուցել պոպուլիստական այնպիսի փաթեթավորմամբ, որ ծայրահեղականություններով դատող հանրությունն ընդունի ծափողջույններով։

Այսինքն՝ իշխանությունն այս որակի, ավելի ճիշտ՝ անորակ դիսկուրսի թիվ մեկ շահառուն է։ Դրանում որևէ փոփոխություն կատարելու, դիսկուրսը «մեջտեղ» բերելու առաքելություն ունեն ընդդիմադիր քաղաքական ուժերը, ընդ որում, ոչ միայն խորհրդարանական, քաղաքացիական հասարակությունը, մամուլը, տարբեր ոլորտների էլիտաները, որոնք, սակայն, մինչև այս պահը հաջողությամբ զբաղեցնում են իշխանության թելադրած օրակարգում իրենց հատկացված տեղն ու դերը՝ գտնվելով ծայրահեղության մե՛կ այս, մե՛կ հակադիր բևեռում։

Իսկ հասարակությանը մնում է վայելել տեսարանները, որոնցից հերթականը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մատուցեց նախօրեին՝ որպես իր կայացրած և դեռ կայացվելիք պետականակործան որոշումների վարձք ու կանխավճար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս