Սյունիքի միջանցքի հարցը հիմա Թուրքիան լուծում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, հետո ճնշում կգործադրեն Հայաստանի վրա. պատմաբան
Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում ապրել է էլ ավելի ծանր ժամանակահատվածներ, սակայն կարողացել է կազմակերպվել և իր հավաքական կազմով ելքեր գտնել այդ ծանր իրավիճակներից, ուստի, շնորհավորելով ողջ հայ ժողովրդին մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ, ուզում եմ մաղթել մեկ բան՝ երբեք չընկճվել ու հստակ գիտակցել անկախության արժեքը. այդ գիտակցումը մեզ դուրս կհանի ստեղծված իրավիճակից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի անկախության 30-ամյակի խորհրդի մասին նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով.
«Հայ ժողովրդի խնդիրն անկախանալուց հետո եղել է այն, որ մենք այս 30 տարիների ընթացքում չենք ընկալել այդ անկախության գինը, դրան պատրաստ չէինք այնպես, ինչպես պատրաստ չէինք 1918 թվականին, դրա համար էլ այդ անկախության հետ այսպես վարվեցինք։ Մենք անկախությունն այս տարիների ընթացքում մսխել ենք այնպես, որ հիմա կանգնել ենք ինքնիշխանության կորստի խնդրի առաջ։
Մենք կանգնել ենք արտագաղթի, դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների առաջ։ Հիմա մեզ համար պատմությունը կրկնվում է. երբ կնքվեցին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, և Հայաստանի կարծիքը որևէ մեկը հաշվի չառավ։ Հիմա Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ այլևս գործոն չէ։ Այս ամենով հանդերձ, սակայն, կարծում եմ, որ Հայաստանում կան այնպիսի ուժեր, որոնք կկազմեն ազգային միավոր և Հայաստանն այս վիճակից դուրս կբերեն։
Ես չեմ կարծում, որ մենք կգտնվենք այնքան ապաշնորհ, որ 21-րդ դարում թույլ կտանք պետականության կորուստ»,- ասաց պատմաբանը՝ այս հարցում բացառիկ ու կարևոր դերակատարություն տալով հայ մտավորականությանը, որը կարողացավ, օրինակ, 1920 թվականին Արամ Մանուկյանի գլխավորությամբ ձևավորել վերկուսակցական մի մարմին ու պետությունը փրկել կործանումից։
«Այլապես, այն, ինչն անհնարին էր թվում մեզ տասը տարի առաջ, հիմա իրականություն կդառնա։ Մենք կհայտվենք ավելի վատ վիճակում, որում էինք 1920 թվականին»,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ հայաստանյան ներքաղաքական բարդ իրավիճակը կապելով նաև տարածաշրջանային բարդ զարգացումների հետ, որոնք էլ իրենց հերթին են էլ ավելի մեծ խնդրի առաջ կանգնեցնում Հայաստանը։
Անդադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ պատմաբանն առանձնահատուկ ընդգծեց Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ամեն օր ամրապնդվելուն ուղղված քաղաքականությունը։
«Հայաստանի անկախության տոնից մի քանի օր առաջ Էրդողանը խոսեց Փաշինյանի՝ իրեն ուղղված առաջարկի մասին։ Շատերը տեղյակ չեն, ուզում եմ տեղեկացնել, որ 1918 թվականին հենց Թուրքիան է եղել առաջին պետությունը, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, 1991 թվականին ևս՝ Թուրքիան եղել է առաջին պետությունը, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը պետք է կատարի քայլեր Թուրքիայի հետ հարաբերությունների ուղղությամբ, բայց ոչ՝ զիջումներ։ Սակայն պետք է արձանագրեմ, որ Էրդողանի՝ օրեր առաջ ունեցած խոսքը, դրա տոնայնությունը նախապայմանների դոզան ավելացնելու միտում ունեին. համեմատության համար ասենք, որ նման տոնայնություն չի եղել երբեք, անգամ Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ։ Էրդողանի տոնն արհամարհական էր, և ավելի շատ նրա խոսքը խոսք էր ոչ թե՝ հարաբերություններ հաստատելու, այլ ավելի շատ՝ նախապայմաններ թելադրելու մասին։ Սակայն պետք է շեշտել՝ մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, կրկնում եմ, քայլերի և ոչ զիջումների գնով»,- ասաց պատմաբանը։
Հարցին՝ գործող իշխանությունն արդյո՞ք կարող է առանց զիջումների գնալ նման հարաբերությունների հաստատման՝ պատմաբանն ասաց, որ այս հարցում առաջին հերթին իշխանությունը չունի ժողովրդից ստացած մանդատ, այս հարցում առաջին հերթին ժողովրդին պետք է նախապատրաստել, իսկ դա ոչ թե մեկ, այլ տևական ժամանակ պահանջող գործընթաց է։
Ըստ պատմաբանի՝ պետք է հատուկ ուշադրության դարձնել Էրդողանի բարձրացրած միջանցքի խնդրին, և ոչ թե՝ Թուրքիայի առաջ քաշած այլ նախապայմաններին։
«Սյունիքի միջանցքի հարցի մասին նախապայմանը մտահոգիչ է. ես մտահոգ եմ այն առումով, որ Սյունիքի միջանցքի հարցը Թուրքիան լուծում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որից հետո ճնշում կգործադրեն Հայաստանի վրա։ Հիմա հենց այդ գործընթացն է գնում։ Այս խնդիրը կլուծեն իրենց հայտնի պատմական սցենարով՝ այնպես, ինչպես այլ հարցեր լուծեցին 100 տարի առաջ»,- ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում