ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Արցախի խորհրդարանի ղեկավարը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:
«Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», – շեշտել է Արթուր Թովմասյանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշել է որ այցի նպատակը ԵՊՀ-ի մասնակցությունն է «100 տուն Արցախում» ծրագրին:
«Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին ՝ ԵՊՀ-ն դրանով ցանկանում է ցույց տալ, որ տեղի ունեցածի, պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին»,- իր խոսքում ընդգծել է Հովհ. Հովհաննիսյանը:
Խոսելով գիտակրթական համակարգի զարգացման մասին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ նպատակ ունեն վերանայելու գիտության բնագավառում նշանակալի դեր ունեցող գիտնականների աշխատավարձերը և առողջապահական փաթեթը:
Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձել է տարբեր ստարտափային ընկերությունների , բանկերի հետ համագործակցելու պայմանավորվածություններին և նոր կրթական ծրագրերի հավատարմագրման անհրաժեշտությանը:
Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հովհաննիսյանին՝ «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար և հույս հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: