Հերթական մահակն ուղղված խոսքի ազատությանը՝  «խաղամոլության դեմ պայքարի» փաթեթավորմամբ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող 65 հարցերի թվում էր նաև  «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը:

Այս որոշմամբ կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:

«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»,- նշվում է օրենքի փոփոխվող հոդվածներից մեկում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո

Նկատենք՝ լրատվամիջոցներում շահումով խաղերի գովազդների վերաբերյալ սահմանափակումները նախ ժամային էին, այժմ իշխանությունները որոշել են ամբողջովին արգելել գովազդը՝ զրկելով լրատվամիջոցներին գովազդի այս աղբյուրից՝ չառաջարկելով որևէ այլընտրանք:

Հիմնավորումը, որը ներկայացվել է Ֆինանսների նախարարության կողմից, բավականին «վեհ» նպատակներ է հետապնդում, սակայն ակնկալվող արդյունքների տեսնակյունից՝ ենթադրվում է ցածր ՕԳԳ.  «Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել  համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է  խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, սակայն, այս որոշումները կարող են հարվածել «խոսքի ազատությանը»

Ըստ փորձագետի՝ եթե խաղամոլության աճի խնդիր կա, պետք է լուծվի կոմպլեքս միջոցառումներով, որոնք ենթադրում են օրենսդրական կարգավորումներ: Որպես օրինակ՝ փորձագետը նշեց խաղամոլության դեմ պայքարում աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը,  երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծում առկա մյուս հիմնավորումներին՝ նա հավելեց. «Պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը՝ այն, որ մամուլի եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, որովհետև տնտեսական իրավիճակը բերել է նրան, որ գովազդների գերակշռող մասն այդ ոլորտից է գալիս: Եթե նման որոշում են կայացնում, պետք է նաև կոմպենսացիոն ինչ-որ մեխանիզմներ ստեղծեն, որովհետև սա նաև անուղղակի հարված կարող է լինել խոսքի ազատությանը:

Հաջորդն այն է, որ պետք է հաշվի առնել, որ այդ գովազդները, մեկ է, տեսնելու են այլ երկրների կայքերից, որովհետև եթե նայենք, Հայաստանից հիմնական շատ այցելություններ ունեցող կայքերի մի մասն արտասահմանյան կայքերն են»:

Հաշվի առնելով, որ նոր նախագծի հիմնական հետևանքները կրելու են լրատվամիջոցները՝ Սամվել Մարտիրոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կառավարության այս որոշման մեջ տեսնում է միտումներ, նա ի պատասխան՝ հիշեցրեց, որ ոլորտը կարգավորելու և ինչ-որ սահմանափակումներ մտցնելու ցանկություն նախկինում ևս եղել է,  բայց կոնկրետ որոշումների չեն հանգեցրել. «2016-2017 թթ.-ին նույնիսկ կառավարության առաջարկ կար, որը քննարկում էր արգելափակել այն կայքերը, որոնք Հայաստանում լիցենզավորված չեն:

Ամեն դեպքում, հասկանալի է, որ ինչ-որ մտահոգություն կա կոնկրետ ոլորտի հետ կապված, բայց միտումնավոր է, թե ոչ՝ փաստ է, որ սա լրատվամիջոցներին հարվածելու է ու շատ լուրջ. հանգեցնելու է ինչ-ինչ լրատվականների փակման, կամ լրատվականները ստիպված կախվածության տակ են ընկնելու»:

Նկատենք՝ 168.amն ավելի վաղ անդրադարձել էր իշխանությունների կողմից խաղամոլության դեմ պայքարի «արդյունքներին»:

Այսպիսով, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդի՝ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է տեղեկանք, որը փաստում է՝ խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ՝ կտրուկ աճել:

Ըստ Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության՝ ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ են՝ «Վիվարո գրուպ» ՍՊԸ-ն (vivarobet.am, ներկայումս՝ «Սոֆտ կոնստրակտ» ՍՊԸ), «Դիջիթեյն» ՍՊԸ-ն (totogaming.am), «Կաբարկո» ՍՊԸ-ն (adjarabet.am), «Գուդ սոֆտ» ՍՊԸ-ն (Goodwin.am):

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների թիվը

Կազմակերպիչների քանակը 2018-2019 թթ. եղել է 3, իսկ 2020թ.-ին՝ 4, իսկ սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ևս մեկ ընկերություն ավելացրել է խաղամոլության ծավալները։

Ավելացել է խաղացողների թիվը. Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:

Ավելացել է խաղացողների կողմից գնված միավորների ծավալը. 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ դրամի միավոր, 2019թ.՝ 1,115.0 մլրդ դրամի միավոր, 2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ դրամի միավոր, 2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ դրամ, 2020թ.՝ 155.0 մլրդ դրամ:

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների կողմից գեներացվող միջոցների ծավալը. 2020 թվականին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մանակիցների քանակը՝ առնվազն կրկնապատկվել:

Ավելացել է փողերի լվացման հավանականության ռիսկը. Համախառն ներքին արդյունքի նման զանգվածի գեներացումը չորս տնտեսվարողների մոտ կրում է բարձր ռիսկեր ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության տեսանկյունից:

Ի դեպ, դեռ նախորդող օրենքի նախագծի քննարկման ժամանակ շրջանառվում էին տեղեկություններ, որ Ալեն Սիմոնյանն ամենևին էլ պատահական չի հանդիսացել այս օրենքի համահեղինակը, քանի որ դրա ընդունումով՝ սպասարկելու է իր ընկերոջ՝ «Վիվառո» ընկերության սեփականատիրոջ շահերը՝ ի հաշիվ այն հարյուրավոր աշխատակիցների, որոնք օրենքի ընդունումից հետո դարձան գործազուրկ։

Այս տարվա ապրիլին արդեն Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր. «Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար»:

Ալիքը մանրամասնել էր, որ դեռ այն ժամանակ տեղեկացրել էր, որ նոր օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։

«Բանն այն է, որ «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանին՝ Վիվառոյի Վիգենին, արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում, հիմա էլ գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին  առհասարակ դուրս մղել շուկայից։

Ի դեպ, օնլայն կազինոները «չարիք» համարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում Երևանի կենտրոնն ու արվարձանները ողողվել են բացառապես «Վիվառո»-ի գովազդային վահանակներով։

Իսկ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Փաշինյանի մերձավոր օլիգարխը։ Նաև նա է ֆինանսավորում Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆեյքային բանակներն ու հոգում է իշխանության մյուս ծախսերը»,- նշվում էր գրառման մեջ:

Հիշեցնենք՝ նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Տեսանյութեր

Լրահոս