Երկիր ենք կորցնում, դուք շիշ եք շպրտո՞ւմ, դե շիշ էլ կստանաք՝ այս անգամ՝ «Մոլոտովի կոկտեյլի». Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ահազանգում է՝ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածվելու սպառնալիքի առջև է, և եթե հայ ժողովուրդը չգնա լրջագույն գիտակցված փոփոխության, ապա առավելագույնը 4 տարի հետո Հայաստան պետության փոխարեն՝ ունենալու ենք թուրքական վիլայեթ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հարություն Մեսրոբյանը, ապա պարզաբանեց.

«Պետության կառավարման համար գործում է հաշվարկման մոդել, որը ցույց է տալիս իմ այս ասածը։ Կան նաև հատուկ մոդելներ, որոնք կիրառվում են նաև խոշոր տերությունների հատուկ ծառայությունների կողմից, որոնք ևս ապացուցում են իմ կանխատեսումը։ Մեր նման հասարակությունը, սակայն, անգամ այս վիճակում հայտնվելուց հետո էլ չի ցանկանում մի քանի քայլ առաջ մտածել։ Մեր մտավորականության մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև նրանք դե ֆակտո գոյություն չունեն, պապանձվել են այն ժամանակ, երբ պետությունն աղետի մեջ է։ Մինչդեռ մտավորականությունն ազգի սիրտն է ու ոգին, եթե դա հանում ես, ազգը դառնում է անգլուխ»,- ասաց Մեսրոբյանը։

Նրա խոսքով՝ հենց մտավորականությունն է, որ պետք է պատասխանատվություն կրի արժեհամակարգային պարտությունների համար, իսկ արժեհամակարգային պարտությունն ու ճգնաժամն էլ պետությունը կանգնեցրել է քաղաքական ճգնաժամի առաջ։

«Այդ մտավորականությունն աշնանը երիտասարդներին ասում էր՝ գնացե՛ք պատերազմ. սուտ հայրենասիրությամբ ազգը տարան կործանման։ Հիմա ո՞ւր են նրանք, նրանք հիմա պետք է ապաշխարեին ու ամբողջ կյանքում չոքած ման գան, մինչդեռ ո՞ւր են՝ թռել են, պարգևատրումները դրել են գրպանները ու թռել են և՛ պատասխանատվությունից, և՛ ասպարեզից»,- ասաց Մեսրոբյանը։

Կառավարման փորձագետի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի խորացումը չեն կարողացել լուծել ո՛չ արտահերթ ընտրությունները, ո՛չ էլ դրա հետևանքով ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովը։

«Մենք մոտենում ենք բիֆուրկացիոն ողբերգական կետին, ինչի մասին ես ասում եմ դեռ փետրվարից, երբ մեր քաղաքական կուսակցությունները կերան խայծն ու որոշեցին գնալ ընտրությունների։ Փողոցում կար ընդվզման ալիք, քաղաքական դաշտն այդ ընդվզման ալիքը ջարդեց ու գնաց ընտրության։ Գնացել են խորհրդարան ու շիշ են շպրտում իրար վրա։ Երկիր ենք կորցնում, դուք շիշ եք շպրտո՞ւմ իրար վրա. դե շիշ էլ կստանաք՝ այս անգամ՝ «Մոլոտովի կոկտեյլի»։ Մեր մոտ էսպես է՝ շոուն պետք է շարունակի՝ 1915 թիվն էլ կրկնվի, միևնույն է՝ շոու պետք է, մինչդեռ, ինչպես Ուինսթոն Չերչիլն է ասել՝ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրության մասին, իսկ պետական գործիչը՝ երկրի ապագայի մասին։ Ինչ եղավ գարնանը՝ հաղթեցին նրանք, որոնք մտածում էին ապագա ընտրությունների մասին։ Պետք չէր քանդել ընդվզումը։ Գնացին ընտրության, իսկ հիմա գո՞հ են»,- ասաց կառավարման փորձագետը՝ պնդելով, որ Հայաստանի փրկության համար մեզ պետք են ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչներ։

«Հիմա էլ այնքան են անխելքացել, որ ասում են՝ այս նոր արտահերթ ընտրությունները կլինեն. հո գիժ չե՞ք, Հայաստանն այդքան կարող է չձգել. թուրքական վիլայեթո՞ւմ եք ուզում ընտրություն անել»,- ասաց Մեսրոբյանը։

Բայց որպեսզի Հայաստանը ձգի, Հարություն Մեսրոբյանը նախաձեռնել է «Հայոց երկիր» ռազմավարական ծրագիր, որն արդեն 80 տոկոսով ավարտուն տեսքի է բերվել։

«Ծրագիրն ունի միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններ, ունի որակական և քանակական չափորոշիչներ, կան հստակ ոլորտներ, ուղղություններ։ Հաշվարկել ենք անգամ պետական համակարգին անհրաժեշտ հաստիքացուցակը։ Հիմա մենք հավաքագրում ենք փորձագետների, որոնք պետք է փորձազննության ենթարկեն ծրագրի կիրառելիության մասը, որից հետո հավաքագրելու ենք փորձառու կառավարիչների ու տանք ծրագրի իրականացման մեկնարկը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս