
«Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը և «առավելությունները»՝ իրականացնում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ». Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզի հայկական տեղանունները ադրբեջանական անունով անվանելուն:
«Սկզբում ուզում էինք հավատալ, որ սխալմունք է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն նրա թիմակիցներն այդ ամենը սկսեցին արդարացնել, որ Նիկոլ Փաշինյանը չի սխալվել, այդ հատուկ է արել, որպեսզի դրանով ընդգծի, որ ադրբեջանական զինուժը չի մտել հայկական տարածք և գտնվում է իր տարածքում: Հիմա սրանով ի՞նչ ենք տեսնում, այն, որ ասում էին՝ դեմարկացիա, դելիմիտացիա, իսկ մենք էլ ասում էինք՝ այս փուլում չպետք է դրան գնալ, ասում էին՝ դուք խաղաղություն չեք ուզում: Ենթադրում եմ, որ իրենք հասկանալով, որ դեմարկացիա և դելիմիտացիա բերելով օրակարգ՝ ունենալու են խնդիրներ, այս փուլում փաստացի լուռ համաձայնությամբ իրականացնում են այն՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Իմ պատկերացմամբ՝ նման իրավիճակում մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, գա թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից պահանջի բացատրություններ»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Նա վստահեցրեց, որ իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացները կանխեն, շեշտելով, որ ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ գա իշխանությանն ասի՝ վեր կաց գնա, որովհետև դու վատն ես:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ադրբեջանական տեղանունների վերաբերյալ, ըստ որի՝ նա այդ անուններն օգտագործել է ՀՀ վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենքը հիմք ընդունելով, Արթուր Վանեցյանը հակադարձեց՝ այդ ամենը հեքիաթ է:
«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը, ադրբեջանական զինուժը այն հատվածից, որտեղ այսօր կանգնած է, առնվազն 60-70 կիլոմետր հեռու կանգնած է եղել: Հետո բանավոր պայմանավորվածությունների արդյունքում այդ տարածքները տվել են: Մենք Ադրբեջանի հետ ունենք թշնամական հարաբերություններ, ունենք չավարտված պատերազմ, չլուծված հարցեր, և Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը և «առավելությունները»՝ իրականացնում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ»,- շեշտեց նա: