Ազնիվ չէ ասելը՝ ՍԴ-ն հանկարծ անակնկալ մատուցեց գլխավոր դատախազությանը՝ ՔՕ 300.1-ը հակասահմանադրական ճանաչելով. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների, դատախազների և տուժող կողմի ներկայացուցչի բողոքների քննությունը:

Սույն թվականի ապրիլի 6-ին  Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր որոշումը, որով բավարարել էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով պաշտպանական թիմի միջնորդությունները  չորս ամբաստանյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Միևնույն ժամանակ դատարանը վերացրել էր Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի գույքի ու արխիվների վրա դրված կալանքը: Որոշման հիմքում մարտի 26-ի ՍԴ որոշումն էր, որով ՔՕ 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Այսօրվա դատական նիստում տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը բողոք ներկայացնելու փոխարեն՝ սկսեց հրապարակել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Նախագահող դատավոր Հովակիմյանն ընդհատեց պաշտպանին՝ նշելով, որ դրա կարիքը չկա, եզրափակիչ մասին դատավարության կողմերը ծանոթ են, իսկ դատարանը քննում է 300․1 հոդվածով քրեական գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Սեդա Սաֆարյանն էլ ամփոփեց ելույթը՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ապա դատարանն անցավ կողմերի փոխադարձ դիրքորոշումները լսելուն, և քանի որ նախորդ նիստերում դատարանը նախ լսել էր դատախազության միջնորդությունը, դատախազների բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեցին պաշտպանական կողմի ներկայացուցիչները:

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական որոշում, հիմնավոր և պատճառաբանված, դատարանը պահպանել է ինչպես Սահմանադրության, այնպես էլ Քրեական դատավարության օրենսդրության պահանջները:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով՝ 2021թ. մարտի 26-ին ՍԴ որոշման հրապարակումից հետո իրականում չկա ՔՕ որևէ հոդված, որով Յուրի Խաչատուրովը մեղադրվում է, հետևաբար՝ չունի ամբաստանյալի կարգավիճակ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ քրեական դատավարության կանոնները հստակ սահմանված են և, անձով կամ ոչ դատավարական շահերով պայմանավորված, դրանք չեն կարող պարբերաբար փոփոխվել: Իսկ ինչ վերաբերում է դատախազության դիրքորոշմանը՝ տուժողների՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ, ապա, ըստ Խուդոյանի, այդ հարցը ՀՔԾ-ի ու Գլխավոր դատախազության տիրույթում են, որովհետև այդ կառույցներն էին պարտավոր իմանալ և հստակ գիտեին, որ կա նման դատավարական ռիսկ, որովհետև ՔՕ 300.1 հոդվածի անորոշության հարցը փակ դռների հետևում չի քննվել, բազմիցս խոսվել է այդ մասին, դեռևս նախաքննության փուլում գործի հետ կապված բոլոր իրավական խնդիրների կապակցությամբ դիմումներ են ուղարկել Գլխավոր դատախազին:

«Այնպես չի եղել, որ մի օր արթնացանք, և հանկարծ ՍԴ-ն մի օրում վարույթ ընդունեց գործը և դատախազության համար անակնկալ որոշում կայացրեց: Մեկ տարուց ավելի գործընթաց է եղել, եղել են դիմումներ, մասնագիտական քննարկումներ՝ ոչ միայն դատավարության կողմերի, այլև դատավարության կողմ չհանդիսացող իրավաբանների միջև, եղել է ՍԴ-ում պրոցես,  հատուկ կարծիք է ստացվել ՄԻԵԴ-ից, և ասել, թե 2021թ. մարտին հանկարծ ՍԴ-ն անակնկալ մատուցեց գլխավոր դատախազությանը՝ այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելով, կներեք, ազնիվ չի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիտարկմամբ էլ հենց դատախազությունն է պատասխանատու այն խնդրի համար, որն այսօր առաջ է քաշում՝ նշելով, թե չեն կարողանում դատարանում մեղադրանքը փոխել: Ալումյանի խոսքով՝ եթե դատախազությունը ժամանակին մասնագիտական առումով խորը թերություն թույլ չտար, նախաքննության ընթացքում կկարողանային մեղադրանք փոփոխել:

Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազները պնդում էին, որ քրեական հետապնդման դադարեցումը խախտում է քրեական գործով տուժողների իրավունքները: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որը, միջազգային իրավական ակտերի համաձայն, տարածվում է նաև տուժող կողմի վրա, տուժողի՝ արդար դատաքննության իրավունքը պետք է պաշտպանվի ռեալ, ոչ թե՝ թղթի վրա, մինչդեռ  վիճարկվող դատական ակտը հակասում է նշված սկզբունքներին:

Տեսանյութեր

Լրահոս