Բոլորն օրենքի առաջ հավասար են, սակայն որոշներն ավելի հավասար են

Ըստ Սահմանադրության 28-րդ հոդվածի՝ «բոլորը հավասար են օրենքի առաջ», ըստ գործող իշխանության վերջին նախաձեռնության ՝ «որոշներն ավելի հավասար են, քան մյուսները»:
e-draft.am կայքում սեպտեմբերի 1-ից մինչև 16-ը քննարկման է դրվել ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Առաջարկվում է՝ օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ կերպ՝ այսուհետև կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու առանձնահատուկ հիմքեր։

Օրինակ՝ Ձեզ կարող են ազատել աշխատանքից, եթե Դուք չեք կատարել նույն օրենքի 19-րդ հոդվածով այս նախագծով առաջարկվող կետը՝ «բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթեր ներկայացնելը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս»: Հանրամատչելի լեզվով ասած՝ Ձեզ կարող են աշխատանքից հեռացնել, եթե չեք կատարել Առողջապահության նախարարի հրամանը, այսինքն՝ պատվաստված չեք, կամ 14 օրը մեկ չեք ներկայացնում ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Բայց պարզվում է՝ օրենքի նախագծի հեղինակները որոշել են այդ պարտականությունից ազատել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, համայնքների ղեկավարներին և համայնքների ավագանու անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարանի դատավորներին, անկախ պետական մարմնի անդամներին, ինքնավար մարմնի անդամներին, Վիճակագրության պետական խորհրդի անդամներին, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորներին, գլխավոր դատախազին: Այսինքն, օրենքի տվյալ դրույթը տարածվում է միայն շարքային քաղաքացիների վրա՞:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, եթե Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ավելին, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարի հրամանը ևս օրենք է, հետևաբար՝ դրա կատարման առաջ էլ բոլորը պետք է հավասար լինեն:

«Առողջապահության նախարարի հրամանն էլ է օրենք։ Հա, հենց ՕՐԵՆՔ Է։ Օրենքը մենակ պառլամենտի ընդունած ակտը չէ։ Ով չի տարբերում օրենքը ձևական ու նյութական իմաստով, չի կարող ճիշտ հասկանալ նաև Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրության տարբեր նորմերում «օրենք» հասկացությունը գործածվում է իր այս երկու տարբեր իմաստներով։ Հետևաբար, Սահմանադրության յուրաքանչյուր նորմի մասին խոսելիս պետք է նախ պարզեք, թե այդ նորմում «օրենք» հասկացությունն իր ո՞ր իմաստով է գործածել սահմանադիրը՝ ձևակա՞ն, թե՞ նյութական»։

Բացի այս, վերոնշյալ պաշտոնյաները ևս մարդիկ են, ովքեր կարող են վարակվել, տարածել վարակը, հիվանդության ծանր ընթացք ունենալ, որևէ այլ քաղաքացու մահվան պատճառ դառնալ: Եթե նպատակն, իրոք, հանրային առողջության պահպանումն է, ապա ինչո՞ւ չի պահպանվում հանրության այդ ներկայացուցիչների և նրանց շրջապատողների առողջությունը:

Օրենքի նախագծում, որպես հիմնավորում հանրային ծառայողների շրջանում այս սահմանափակումների, նշվում է, որ «հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսի պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար` վտանգելով նաև այդ գործառույթների իրականացմամբ հետապնդվող հանրային շահերը։ Հետևաբար, համապատասխան կանխարգելիչ միջոցառումների չիրականացումը հղի է հանրային իշխանության մարմինների գործառույթների պատշաճ իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու վտանգով»:

Մինչ իրավական հարցերում բանավիճում են իրավաբաններն ու տարաբնույթ մեկնաբանություններով են հանդես գալիս, շարքային քաղաքացիների համար պարզ է դառնում, որ այս նախագծով խտրական մոտեցում է ցուցաբերվում ՀՀ հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս