«Պետք է զոհ տան, ինձ նման գան Եռաբլուր՝ առավոտից իրիկուն լաց լինեն, որ հասկանան՝ կռիվն ինչ է». Հադրութցին՝ իշխանությանը
Այսօր առավոտից Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Հադրութի, Շուշիի բնակիչները հավաքվել էին Կառավարության մոտ՝ պահանջելով իրենց կարգավիճակի ու բնակարանների խնդիրները լուծել։
Այդ շրջանների՝ Ադրբեջանի օկուպացիային ենթարկվելուց հետո, բնակիչները հայտնվել են դրսում, այսօր տարբեր տեղերում են գիշերում՝ դպրոցներում, գիշերօթիկներում, բարեկամների տանը, սակայն 9 ամսից ավելի այդ պայմաններում ապրելուց հետո, այլևս ի վիճակի չեն շարունակել։
168.am–ի հետ զրույցում Հադրութ քաղաքի բնակիչ Տիգրան Մովսիսյանն ասաց, որ կառավարությունից պահանջում են, որպեսզի իրենց բնակարաններով ապահովեն։
«Հադրութում մեր տուն-տեղը, եղած-չեղածը կորցրել ենք, հիմա այստեղ մենք չգիտենք՝ փախստակա՞ն ենք, թե՞ վերաբնակիչ, մեզ որևէ բան չեն ասում, թե մենք ով ենք։ Առաջինը եկել ենք այստեղ իմանալու, թե մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու։ Մենք Արցախից հրաժարավել ենք, մեզ այնտեղ ասել են՝ պետք է գաք Արցախ, ձեզ տուն կտանք, բայց քանի՞ տարուց են տալու, հարցը սա է։ Այսօր Արցախում մեզ որևէ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է, իշխանությունը չի ասում։ Այսօր Ստեփանակերտում այնքան ժողովուրդ է լցվել, ոտք դնելու տեղ չկա։ Արցախի հարակից շրջաններում էլ տեղ չկա, որ ապրենք, տեղ սահմանի բերանին կա, ես այդքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհեր տամ։ Մեր իշխանության մեծ մասը Արցախից բերել այստեղ են գործ դրել, ապրում են։ Մարդը եղել է ԱԱԾ տնօրեն, ու մենք պատերազմը պարտվել ենք, որևէ պատասխան չի տալիս, թե ինչու ենք կռիվը պարտվել, մինչև այսօր Արայիկ Հարությունյանը նրան մի անգամ կանչե՞լ է ու հարցրել, թե ինչու ենք պարտվել»,- հարցրեց հադրութցին։
Նրա խոսքով՝ իշխանությունը ինչպես գործել է 1994 թվականից սկսած, այնպես էլ շարունակում է այսօր, ղեկավարներն իշխանությունը դարձրել են իրենց սեփականությունը, պետք է գնային պատերազմում մեկ զոհ տային, որպեսզի հասկանային՝ զոհ ունենալն ինչ բան է։
«Պետք է զոհ տան, ինձ նման գան Եռաբլուր՝ առավոտից իրիկուն լաց լինեն, որ հասկանան՝ կռիվն ինչ է։ Իրենք կռվին չեն մասնակցել, դրա համար էլ ասում են՝ եկեք Արցախ, բա Արայիկ Հարությունյան, արի տես՝ այստեղ քո ընկերներից ինչքան մարդ կան, բոլորին վերցրու տար Արցախ, վերջում որ մնանք մենք՝ այս քյասիբ ժողովուրդը, մենք էլ վերջում կգանք»,- նշեց Տիգրան Մովսիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



