Բաժիններ՝

Իրանը կդառնա ՇՀԿ-ի անդամ. «Կոմերսանտ»

Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), ՇՀԿ-ում ընդգրկվելու ընթացակարգի մեկնարկի մասին կհայտարարեն Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հաղորդել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

ՇՀԿ-ի գագաթնաժողովը կկայանա Դուշանբերում, սեպտեմբերի 16-17-ին: Ներկայում կազմակերպության անդամներն են՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

«Շուտով միավորման մասնակից կլինի ինը երկիր: Դուշանբեի առաջիկա գագաթնաժողովում պետությունների ղեկավարները… պետք է հայտարարեն Իրանին իրենց շարքերն ընդունելու ընթացակարգ սկսելու մասին»,-հաղորդվում է հոդվածում: Նշվում է, որ ՇՀԿ-ին միանալու գործընթացը կարող էտեւել եւս մի որոշ ժամանակ:

Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Մոսկվան պաշտպանում է ՇՀԿ-ին լիիրավ կերպով անդամակցելու Թեհրանի հայտը, քանի որ Ռուսաստանը եւ Իրանը «մոտ են, իսկ մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ դիրքորոշումները համընկնում են»:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

ՇՀԿ-ի ստեղծման վերաբերյալ հռչակագիրը վեց պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է Շանհայում, 2001 թվականի հունիսի 15-ին: 2017 թվականի հունիսի իննին ՇՀԿ-ի անդամ պետությունները որոշում են ստորագրել Հնդկաստանին ու Պակիստանին կազմակերպության մեջ ընդունելու վերաբերյալ: Ներկայում ՇՀԿ-ի դիտորդ երկրներ են հանդիսանում Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս