Չկա ճանապարհային քարտեզ, թե ինչպես է հնարավոր հայ-թուրքական կարգավորում. վերլուծաբան

«2008 թվականին կային արձանագրություններ, հստակ օրակարգ, ներկայումս ամեն ինչ անորոշ է հայ-թուրքական օրակարգում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ օրերս արած մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացրել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական տեսլականը, նշել էր, թե վստահություն, ներառյալ՝ հարգանք է հարկավոր միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Էրդողանն ասել էր, որ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն հանուն կայուն խաղաղության և համակեցության:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն՝ պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»,- նշել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ այս հարցը քննարկել և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։

Ջենգիզ Աքթարի դիտարկմամբ՝ Էրդողանն անկեղծ է գտնվել իր մեկնաբանություններում, հստակորեն արձանագրելով, թե ինչ կարելի է սպասել, ինչ՝ ոչ՝ իր ադմինիստրացիայից հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան թեմատիկայի հարցում:

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, Թուրքիան կցանկանար հարաբերությունները սկսել զրոյից՝ առանց պատմական բեռի, քանի որ այդ դաշտում Թուրքիայի ներկայիս իշխանությունները որևէ քայլ անելու անհրաժեշտություն չեն տեսնում, դա բացառում են:

«Հստակ ներկայացվում է այն օրակարգը, որը կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ներկայումս, Երևանը դա կարող է կա՛մ ընդունել, կա՛մ ոչ: Թուրքիայի իշխանությունները, բնականաբար, հետաքրքրված են հնգակողմ կամ վեցակողմ համագործակցության հեռանկարով տարածաշրջանում, հայ-թուրքական կարգավորման նշանները Էրդողանի իշխանության համար Արևմուտքում նպաստավոր կերպար կստեղծեն:

Ի վերջո, հայտնի է, որ Էրդողանը միայն խնդիրներ ստեղծեց հարևանների հետ՝ դրանք լուծելու փոխարեն, և եթե «շոշափում» է հնարավորություն կարգավորման հնարավորինս քիչ քաղաքական կորուստներով, ապա կփորձի օգտվել: Բայց կարգավորումը կարող է իսկապես որակյալ լինել՝ խաղաղություն բերել տարածաշրջանին, եթե այն ունի փոխզիջումային բնույթ և եթե պարտադրված չէ: Այստեղ դեռ բազմաթիվ հարցեր ու կասկածներ կան, չկա ճանապարհային քարտեզ, թե ինչպես է հնարավոր կարգավորում: 2008 թվականին կային արձանագրություններ, հստակ օրակարգ, ներկայումս ամեն ինչ անորոշ է: Չմոռանանք, որ հայ-ադրբեջանական խնդիրները դեռ լուծված չեն, մեծ լարվածություն կա, դա իր հերթին պայմանավորում է Թուրքիայի հետ հարաբերությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս