Եթե կլինեն գեղեցիկ մարդիկ, որ կուզեն ես իրենց նկարեմ տգեղ, ես կնկարեմ. Տիգրան Ձիթողցյան
Այն որ Տիգրան Ձիթողցյանի կտավները միանշանակ տարբերվում են անհերքելի է: Դրանք ստիպում են մի քանի վայրկյան կտրվել իրականությունից, վայելել այն բոլոր մտքերը, զգացողություններն ու ասելիքը, որոնք փոխանցել է նկարիչը: Տիգրանի կտավները նոր խոսք է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային կերպարվեստում: Մի քանի տարի շարունակ կառուցելով իր նոր տունը հայրենիքում՝ նյույորքաբնակ նկարիչը վերջապես բացում է իր արվեստանոց-պատկերասրահը՝ իր նոր շարքն առաջին անգամ Հայաստանում ներկայացնելու նպատակով:
«Արմենպրես»-ը զրուցել է նկարչի հետ, պարզել նրա հետաքրքրությունները, նախասիրությունները, նախագծերը, որոնց վրա նա աշխատում է:
-Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Հայաստանում արվեստանոց բացելու միտքն ու գաղափարը:
-Գաղափարը մեկ օրվա մեջ չզարթնեց, ես ուզում էի Հայաստանում ունենալ արվեստանոց, և այդ միտքը դեռ վաղուց կար, ու այն սկսեց իրականանալ, կոնկրետանալ երեք-չորս տարի առաջ: Երեք տարի առաջ սկսեցինք շինարարությունը, երբ պետք է սկսեինք շինարարությունը, ես ավելի փոքր բան էի պատկերացնում, հետո հասկացա, որ, միգուցե, ես դա միայն ինքս ինձ համար չանեմ ու այն դառնա հարթակ, որտեղ ոչ միայն իմ արվեստը կցուցադրվի, այլ ապագայում ինչ-որ միջոցառումներ, պրոյեկտներ կլինեն, կլինի ամառային ակադեմիա: Շատ եմ ուզում եմ, որ Նյու Յորքից իմ նկարիչ ընկերները այստեղ գան, այցելեն, աշխատեն այստեղի երիտասարդ արվեստագետների, միգուցե, նաև փոքրիկների հետ: Ես ինքս նույնպես մի շարք ծրագրեր կիրականացնեմ, դրա համար այն մեծացավ ու դարձավ կոմպլեկտ մի հարթակ, քան ես ի սկզբանե որոշել էի:
-Ինչպիսի՞ շրջան է ձեզ մոտ, կա՞ նոր նախագծեր, որոնց վրա այս պահին աշխատում եք:
-Մի քանի ամիս առաջ ես սկսել եմ իմ նոր շարքը՝ «Ինքնամեկուսացում»-ը, որը, ի դեպ, այստեղ ներկայացված է, չորս աշխատանք է, երկուսը դեռ ընթացքի մեջ են, դրանցից մեկը սկսել եմ հենց Երևանում: Այս պահին նաև շատ էսքիզներ եմ անում, Երևան եկա օպերայի պրոյեկտով: «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի բեմադրության վիզուալ պատկերի ստեղծումը իմ առաջին փորձն էր: Այս պահին մեծ ցանկություն ունեմ մասշտաբային քանդակով զբաղվելու, և առհասարակ երբեմն ինձ այնքան բան է հետաքրքրում:
-Ի՞նչն է ձեզ վրա մեծ ազդեցություն ունեցել և ձեզ կերտել որպես արվեստագետ:
-Առանձնացնելը, իհարկե, շատ դժվար է, փոքր տարիքում ինձ ոգևորում էին նկարիչները, արվեստագետները. երևի առաջինը դա էր, որովհետև տեսնում էի արվեստ և հասկանում էի, որ ես էլ եմ ուզում արվեստագետ դառնալ, բայց հիմա իմ սնունդը ուրիշների արվեստը չի՝ այլ իրական կյանք է, այսինքն ես ճանապարհորդում եմ, ապրում եմ իմ կյանքով, շփվում եմ, շատ տարբեր բաներ եմ փորձում տեսնել և այդ ամենը ինձ վրա տպավորություններ են թողնում ու վերջում ինչ-որ որակով դուրս են գալիս: Հիմա արդեն արվեստագետներից չեմ ոգեշնչվում, այս պահին ավելի գնում եմ արմատներին՝ ես ոգեշնչվում եմ նրանով, ինչով ժամանակին ոգեշնչվել են մեծ արվեստագետները:
-Ո՞րն է ձեր կտավների առեղծված, դրանք միանշանակ տարբերվում են :
-Կտավը սովորական խանութից եմ գնել (կատակում էր):
Դա շատ դժվար է ասել, իրականում ես ուղակի նկարում եմ իմ ուզածը: Ինձ համար ամենակարևորը պրոցեսում հաճույք ստանալն է, էգոիստական մի բան է ինձ համար նկարչությունը, ես զբաղվում եմ իմ սիրած գործով և հաճույք եմ ստանում դրանից: Եթե ես մի օր հաճույք չեմ ստանում իմ աշխատանքից, ես այդ օրը ուղղակի չեմ նկարում: Բայց որպես կանոն ես միշտ հաճույք եմ ստանում, հարմոնիայի մեջ եմ ինձ զգում, երբ աշխատում եմ: Ամեն անգամ փորձում եմ անել իմ առավելագույնը, ես մաքսիմալիստ եմ, չեմ կարող ինչ-որ բան կիսատ թողնել, կամ եթե գիտեմ, որ կարող եմ ավելի լավ անել, միանշանակ չեմ հանգստանա մինչև չանեմ:
-Բնականաբար շատ են ձեր աշխատանքները , բայց կուզեմ անդրադառնանք բավականին մեծ արձագանք ստացած «Հայելիներ» շարքին : Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ միտքը այն սկսելու:
– «Հայելիներ» շարքը սկսվեց 2012 թվականին, երբ սոցցանցերը՝ «Ինստագրամ»-ը , «Սնափչատ»-ը սկսեցին արագ, բուռն զարգանալ և մարդիկ սկսեցին անընդհատ մեծ քանակով սելֆիներ անել, և այն հենց սելֆի ֆենոմենի շուրջ էր: Ես այդ շարքով փորձում էի գտնել այն գիծը, թե մինչև ինչքա՞ն կարող ես փոփոխել քո արտաքինը, այսինքն՝ ֆիլտրների միջոցով իդեալական դարձնել քո դիմագծերը, դեմքը, մաշկի որակը և թե մինչև որտեղ ես դու. այդ սահման էի փնտրում, քանի որ բոլորը ուզում էին, որ ես նկարեմ իրենց ավելի գեղեցիկ և ավելի իդեալական: Ես սկսեցի նկարել իրենց այնպես, ինչպես իրենք որևէ ֆիլտրով սելֆի կանեին:
-Ինձ թվում է ձեր բոլոր աշխատանքներն էլ ձեզ համար յուրահատուկ ու սիրելի են,, բայց կուզեմ առանձնացնեք , կա՞ որևէ աշխատանք կամ շարք, որը ինչ-որ մի ձև առանձնանում է ձեզ համար:
-Այն աշխատանքը, որի վրա ես աշխատում եմ այս պահին, որովհետև, երբ ես ավարտում եմ աշխատանքը, այն էլ ինձ հետաքրքիր չէ, ինձ միայն պրոցեսն է հետաքրքրում, ես առանձնապես չեմ սիրում իմ աշխատանքները:
-Նկարում եք փոքր տարիքից, երբևէ մտածել ե՞ք եթե ոչ նկարչություն, ապա ի՞նչ:
-Երևի դիզայն կամ ճարտարապետություն: Ճարտարապետությունը ինձ շատ է հետաքրքրում:
-Եղել ե՞ն դեպքեր, որ փողոցում քայլեք, կամ որևէ միջավայրում լինեք ու զգաք, որ ինչ-որ մեկը ձեզ համար դարձավ նոր ոգեշնչման կամ կտավի հերոս:
-Ինձ մոտ շատ են եղել, որ ես ճեպանկարներ եմ արել ապագա նկարի և այդ նկարի դեմքը հստակ պատկերացրել եմ, սակայն ես այդ մարդուն չեմ ճանաչել: Մի քանի տարի անց այդ մարդուն հանդիպել եմ ու ասել եմ՝ ես քեզ վաղուց սպասում էի: Նման դեպքեր շատ են եղել:
-Իսկ ովքե՞ր հնարավորություն ունեն դառնալու ձեր հերոսները:
-Հիմնականում ինձ շրջապատող մարդիկ են ինձ մոտ, հարազատ: Անծանոթների ես շատ հազվադեպ եմ նկարում:
Հիմա, երբ բոլորն ուզում են, որ ես իրենց նկարեմ գեղեցիկ, ինձ մոտ նկարելու ցանկությունը գնալով նվազում է, իսկ եթե կլինեն գեղեցիկ մարդիկ, որ կուզեն ես իրենց նկարեմ տգեղ, ես դա կանեմ:
-Իսկ կա՞ն նման մարդիկ:
Չգիտեմ , այ դուք գրեք կտեսնենք;
-Կա՞ ինչ-որ բան, որ կփոխեիք:
Ոչ:
Հարցազրույցը վարեց Գայանե Գաբոյանը