«Կան պաշտոնյաներ, ովքեր ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի մասին». Արման Թաթոյան
«Այս օրը մեր ժողովրդի կյանքում կարևորագույն օր է: Այս տարի, ցավոք, պատերազմի ողբերգական հետևանքները հաշվի առնելով, այն առավել մեծ նշանակություն ունի: Այդ ուղերձը շարադրելիս ինձ մոտ բոլոր զգացմունքներն ու հույզերը միախառնվել էին. և հպարտությամբ ես լցված, որովհետև ժամանակին կարողացել ենք մեր հայրերի, եղբայրների, քույրերի, մայրերի անձնուրաց պայքարի արդյունքում հասնել հաջողությունների, բայց այսօր, ցավոք սրտի, ունենք այսպիսի հետևանքներ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ հղած իր ուղերձի շեշտադրումներին:
Ըստ նրա՝ ցավոք, պատերազմից հետո շարունակվում է պատերազմը, պարզապես զինված լայնածավալ հարձակումներ չկան, ու այդ պատերազմը շարունակվում է տարբեր եղանակներով, արդեն ՀՀ սահմանների նկատմամբ:
«Սրանք արարքներ են, որոնք կարող են վհատեցնել մարդկանց: Ես այդ վտանգավոր երևույթների սկզբնաղբյուրները տեսնում եմ, երբ այցելում եմ մարզեր, և մենք երբեք չպետք է դա թույլ տանք»,- ասաց Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է՝ ադրբեջանական իշխանությունները միշտ օգտագործել են այդ կեղծ խաղաղասիրությունը դրսի համար՝ որպես շղարշ, բայց իրականում տարել են իրենց ատելության քաղաքականությունը:
«Ես համոզված եմ՝ ադրբեջանցիները երբեք չեն հանգստանալու, եթե մի քանի անգամ ավել պատասխան, վերաբերմունք չստանան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե խաղաղասիրական թեզերով են հանդես գալիս նաև կառավարության անդամները, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ հիշում էր, որ երեխա էր ու տեսնում էր երևանյան շուկաներում առևտուր անող ադրբեջանցիներին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Արման Թաթոյանն ասաց, որ ինքը պատահական չի ասում, որ մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն:
«Սկզբունքային սխալ է համեմատել այն, ինչ նախկինում եղել է, ներկայում կատարվողի հետ»,- ասաց Արման Թաթոյանը՝ հիշեցնելով, որ, այո՛, ԽՍՀՄ շրջանում եղել են շփումներ, բայց այն, ինչ անկախությունից հետո է տեղի ունենում, ամբողջությամբ վիճակը փոխել է:
Խոսելով իշխանությունների կողմից վարվող ինֆորմացիոն քաղաքականության մասին՝ կապված սահմանային գոտիների հետ, Արման Թաթոյանը նշեց, որ այս հարցերը բնույթով ինքնին այնպիսին են, որ պետությունը պետք է տանի ճիշտ քաղաքականություն:
«Առհասարակ ինֆորմացիոն քաղաքականությունը պետք է լինի հստակ, բայց հատկապես ճանապարհների, ադրբեջանական զինված ուժերի ներկայության, անվտանգության հետ կապված հարցերում պետությունը հատկապես պետք է լինի զգոն և գործի շատ ուշադիր: Երբ ինֆորմացիայի հրապարակումը պետական իրավասու մարմինների կողմից հապաղում է, առաջանում է բաց տարածք, և այն լցվում է ապատեղեկատվությամբ: Դրա համար կարևոր է, որ պետությունը ճիշտ ինֆորմացիոն քաղաքականություն տանի, ու դա կնպաստի պետության նկատմամբ վստահության բարձրացմանը: Միևնույն է, դա հրապարակվելու է, դուրս է գալու, հետևաբար ճիշտ է, որ պետությունն իր ձեռքը վերցնի ու չդառնա ինքն իր զոհը»,- ասաց Արման Թաթոյանը:
Խոսելով Գիտելիքի օրվա իր ուղերձի մեջ տեղ գտած նկատառումներից՝ Պաշտպանն ասաց, որ իր հայտարարության շեշտադրումները բացարձակ ճշմարտություններ են և նորություն չեն:
«Պետությունը պարտավոր է հանուն իր հզորության ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Ցավոք, այսօր մենք խնդիր ունենք կրթությունից դուրս մնացած երեխաների, ներառականության հետ կապված, հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուսների հետ հավասար կրթության պրոցեսին ներառելու առումով»,- ասաց Արման Թաթոյանը:
Ինչ վերաբերում է այն ձևակերպմանը, որ «ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք: Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը», Պաշտպանը նշեց՝ ցավոք, պետական ապարատում աշխատում են մարդիկ, ովքեր ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի, լիազորությունների մասին:
«Որքան շատ կրթված, գիտելիքն իրապես գնահատող մարդիկ ունենանք, այնքան դա պետության համար է լավ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում