Հյուսիս-Հարավը նախագծելիս՝ ճանապարհն ինչո՞ւ չէր անցնում Որոտան-Շուռնուխ, Երասխ-Տիգրանաշեն հատվածով. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը փակելուն, ասաց, որ իրենք դա կանխատեսել էին և ասել, որ հնարավոր խնդիրների լուծման համար ջանքեր են գործադրում:
«Փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել, ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել և ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին՝ դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել և խոսել եմ Գորիս-Կապան հատվածում պրոբլեմների մասին, ասել եմ, որ այդտեղ մենք խնդիր ունենք, և ըստ էության ասել եմ հետագայում, որ մենք, այո, քաղաքական որոշում ենք կայացրել, և ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ, և ես ասել եմ, որ, մեջբերում եմ դեկտեմբերի 19-ի իմ ուղերձից, «այսօր արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքեր և այլ ուժեր լիարժեք ներկայացված են Սյունիքում, խոսքը Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածի մասին է, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է, իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով», սա ես եթերում եմ հայտարարել:
Հիմա հարց, դուք կհարցնեք՝ մենք արդյունքում ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ոչ, չունեցանք եռակողմ փաստաթուղթ, փոխարենը՝ ՊՆ-ն 2020թ.-ի դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է՝ «Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:
Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»: Այս թեմայի հետ կապված ես հանել եմ, այս ամբիոնից փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է պատասխանել, Պաշտպանության նախարարն է մի քանի անգամ հայտարարություն արել, տեղի ունեցած հանգամանքների վերաբերյալ մենք տվել ենք ամբողջական տեղեկատվություն, չենք տվել տեղեկատվություն միայն այն հատվածների մասին, որոնք կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ, այդ թվում՝ այսօրվա նման իրավիճակից խուսափելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ելույթի այս հատվածից կարելի՞ է հետևություն անել, որ երեկ գիշերը տեղի ունեցածի համար էլ Փաշինյանը մեղքը փորձում է բարդել ռուս սահմանապահների վրա, որոնք պետք է ապահովեին Գորիս-Կապան ճանապարհի «վիճարկելի հատվածի» անխափան գործունեությունը: Բայց ելույթ ունեցողն այս խոսքից սահուն անցում կատարեց նախկինների ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին.
«Էս որ գրել են՝ «վիճարկելի», էդ վիճարկելին մե՞նք ենք դարձրել վիճարկելի, հարգելի գործընկերներ: Էլի պիտի հիշեմ, ինչքան էլ դա տհաճ ըլնի, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, բայց եթե այդ օրենքն էլ մի կողմ դնենք, դուք գիտեք, որ 2010թ.-ից եղել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ, հիմա էլի, երկու-երեք անգամ ասել եմ, գուցե լավ չեմ միտքը ներկայացրել, բայց ոչ մի մեկնաբանության չի արժանացել, հիմա ասում են՝ վայ, էդ ի՞նչ բան, էդ ի՞նչ անկլավների հարց է բարձրանում, ի՞նչ Տիգրանաշենի հարց է բարձրանում, բա պատասխանեք՝ ինչի՞ Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծելիս՝ էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո՝ Զանգակատուն, պատասխանեք՝ ինչի՞, որովհետև էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ, նախընտրական քարոզարշավի ընթացքում ես 99թ.-ի փաստաթղթեր եմ կարդացել, որտեղ էս ամեն ինչը եղել է: Բա որ Հյուսիս-Հարավի նախագիծը կազմում էիք, ինչի՞ Հյուսիս-Հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, որը նախագիծը 2, չգիտեմ ինչ-որ մի տոկոսով թանկանում ա, շատ, և՛ տեխնիկապես, և՛ ֆինանսապես, բա ինչի՞ չեք տարել նախագծել այդ կողմով, մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ոչ»,- ասաց Փաշինյանը:
Նա հերքեց ադրբեջանցիների առաջ քաշած այն պնդումը, թե իրենց ճանապարհը փակել են, որովհետև գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ մտել ու դանակահարել են ադրբեջանցի սահմանապահի:
«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և կոչ ենք անում, եթե ադրբեջանական կողմը նման տեղեկություն, հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որ մենք էլ հետաքննենք և հասկանանք, թե ինչ է: Այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, և ամրագրվել է այդ պայմանավորվածությունը: Էլի եմ ասում, եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել, սա է ամբողջ խնդիրը:
Դուք գիտեք, որ մենք նաև անկախ այս իրավիճակներից՝ դեռ 2019թ.-ից և առավել ևս 20-21թ.-ին շատ ակտիվ աշխատանքներ ենք անում, այնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես, Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է, նորմալ գրունտային ճանապարհ կա, ես նկատի ունեմ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ, մենք անկախ այս իրավիճակներից, այնպես ենք պլանավորել մեր աշխատանքները, կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել, և այնպես ենք պայմանավորվել, որ տրանսպորտային երթևեկությունը կարգավորենք և երաշխավորենք, այդ աշխատանքները կշարունակվեն: Ռազմավարական առումով Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումն է լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաև Շուռնուխ և Որոտան համայնքների ճանապարհների լավարկման հետ կապված աշխատանք է սկսված, որը հիմա մենք պարզապես կարագացնենք»: