Բժիշկները քննարկում են Դելտա տարբերակի տարածման պայմաններում դպրոցների վերաբացումը․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկացի աշակերտները նոր ուսումնական տարում կսկսեն հաճախել դպրոց, սակայն երկրում աճում է դելտա տարբերակով COVID-19 դեպքերի թիվը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Փորձագետներն ասում են, որ երեխաները, կարծես, ավելի խոցելի են այս տարբերակի նկատմամբ: Դա բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ինչպես պաշտպանել երեխաներին, և հատկապես նրանց, ովքեր դեռ փոքր են պատվաստում ստանալու համար:
ԱՄՆ -ում կորոնավիրուսային համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է ավելի քան 36 միլիոն մարդ, որոնցից մոտ 4 միլիոնը երեխաներ են, հայտնում է Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան: Վերջին շրջանում կորոնավիրուսի Դելտա տարբերակը պատճառ է դարձել հիվանդների թվի աճի: Միևնույն ժամանակ երեխաները նոր ուսումնական տարում հեռավար դասերի փոխարեն կսկսեն հաճախել դպրոց: Վերմոնտի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Ուիլյամ Ռաշկան փաստում է, որ մինչև 12 տարեկան երեխաները մեծ հաշվով պաշտպանված չեն կորոնավիրուսի դելտայի տարբերակից, քանի որ պատվաստված չեն:
Ամենադժվար իրավիճակը, փորձագետների կարծիքով երկրի հարավում է, որտեղ պատվաստումների մակարդակը ցածր է, և դելտա տարբերակը տարածվում է չափազանց արագ:
Բացի այդ, մի շարք նահանգապետեր այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ֆլորիդան, Թեքսասը և Արիզոնան, չեղարկել են դիմակներ կրելու հրամանը՝ չնայած որոշ դպրոցներում, ըստ տեղեկությունների, դիմակներ կրելը շարունակում է մնալ պարտադիր:
«Եթե դպրոցներում ուսումնական տարին մեկնարկի առանց դիմակների և շարունակվի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, ապա այդ ժամանակահատվածում կվարակվի դպրոց հաճախող երեխաների մեծ մասը: Այն այսօր շատ ավելի արագ փոխանցվող է, քան անցյալ տարի»,- ասում է բժիշկ Դենի Բենջամինը Դյուկ համալսարանից:
Դյուկ համալսարանից մանկաբուժ բժիշկ Դենի Բենջամինը մասնակցել է երեք հետազոտությունների, որոնք ուսումնասիրել են դիմակներ կրելու ազդեցությունը դպրոցներում COVID-19- ի տարածման հարցում: Նա շեշտում է՝ հետազոտության արդյուքները ցույց են տալիս, որ դիմակներ կրելն արդյունավետ միջոց է վարակի փոխանցումը կանխելու համար:
Բայց նրանք, ովքեր դեմ են դիմակ կրելուն պնդում են, որ նման կարգադրությունները խախտում են իրենց ազատությունը, և որ դիմակ կրելն անձնական ընտրության և պատասխանատվության հարց է: Շատերը չեն վստահում նաև կառավարության պնդումներին, որ պատվաստանյութերն անվտանգ են:
Մինչդեռ փորձագետներն ասում են, որ ավելի շատ մարդկանց պատվաստելը վիրուսի վերահսկման բանալին է:
«Եթե մենք պատվաստել ենք համայնքը, դպրոցներն ապահով են: Երբ դպրոցները բացվեն, ակնհայտ է, որ մենք պետք է փորձենք պատվաստել 12 և բարձր տարիքի մեր բոլոր երեխաներին: Նրանք դեռ լիովին պատվաստված չեն»,- նշում է Վանդերբիլտի համալսարանի առողջապահության քաղաքականության փորձագետ բժիշկ Ուիլյամ Շանֆները:
Դելտայի տարբերակի արագ տարածման հետ մեկտեղ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան արդեն խրախուսել է առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ հնարավորինս շուտ հաստատել 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի պատվաստանյութերի օգտագործումը, սակայն դեռևս այս առումով որևէ փոփոխություն չի սպասվում մոտակա ամիսներին: