Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցը չի կալանավորվի․ «Փաստինֆո»
Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհու՝ Արմինե Չոպչունցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էդգար Արամյանը։
Նշենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել էր Գորիսի համայնքապետարանի 66-ամյա աշխատակցուհուն՝ Սուսաննա Մկրտչյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը։
Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձ էր կատարել՝ նշելով, որ Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ավելին՝ ձերբակալման ընթացքում իրականացվել է տեսա և լուսանկարահանում՝ անձանց, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ։
«Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու»,֊հայտնել է ՄԻՊ֊ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։