«6 ամիս շարունակ գաղտնալսել են Գևորգ Լոռեցյանին, սակայն այդ ձայնագրությունների մեջ չկա գեթ մեկ նախադասություն՝ նրա կողմից հնչեցված, որն աղերս ունենա կաշառք ստանալու մեղադրանքի հետ». պաշտպան

«Գևորգ Լոռեցյանը երբեք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, չի ընդունում և, բնականաբար, չի էլ ընդունելու»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին փոխնախարար, այժմ կաշառք ստանալու մեղադրանքով արդեն շուրջ 1 տարի 9 ամիս կալանավորված Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

Ըստ նրա՝ ի սկզբանե Գևորգ Լոռեցյանին նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել, ինչը, սակայն, հետո հանվել է:

«Բացի դրանից, առաջադրված էր մեղադրանք, թե իբր Գևորգ Լոռեցյանը 13 միլիոն դրամի կաշառք է պահանջել գործով մյուս ամբաստանյալ Հրաչիկ Քանանյանից, որպեսզի աջակցի նրան հաղթել այդ մրցույթում: Մեղադրանքն առավել քան զավեշտալի էր մեկ պարզ պատճառով, որովհետև այդ տնտեսվարողը նշված մրցույթներում հաղթելու պարագայում 13 միլիոնի շահույթ նույնիսկ չէր կարող ակնկալել: Այստեղ մենք բան չունեինք անելու. ընդամենը պետք է ապացուցեինք, որ Հրաչիկ Քանանյանը աշխարհի ամենավատ բիզնեսմենը չէ»,- ասաց Լևոն Սահակյանը:

Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո միայն Գևորգ Լոռեցյանին առաջադրվեց այն մեղադրանքը, որն այժմ առկա է, թե իբր իր վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը Գևորգ Լոռեցյանի անունից պահանջել ու ստացել է 2 միլիոն դրամ կաշառք:

Ընդ որում, ըստ Լևոն Սահակյանի, Գևորգ Լոռեցյանի վարորդն ու Հրաչիկ Քանանյանը մտերիմ ընկերական հարաբերություններ են ունեցել, վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը հաճախ է նրանից գումար ուզել, երբեմն՝ պարտքով, որոշ դեպքերում նաև ստացականներ կան, իսկ Գևորգ Լոռեցյանը չի ճանաչել Հրաչիկ Քանանյանին:

Ավելին, Էդուարդ Հովհաննիսյանին վարորդ Գևորգ Լոռեցյանը չի նշանակել, նախկին փոխնախարարի վարորդն է եղել, իսկ Լոռեցյանը նրան աշխատանքից չի ազատել ու նոր վարորդ ընդունել միայն այն պատճառով, որ վերջինիս մայրը ծանր հիվանդ է եղել, ով, ի դեպ, նախաքննության ընթացքում մահացել է:

«Էդուարդ Հովհաննիսյանը՝ վարորդը, հիմա դատարանում ուզում է ցուցմունք տալ, որ երբեք Գևորգ Լոռեցյանն իրեն չի ուղարկել գումար ուզելու: Ինքն է իր նախաձեռնությամբ, ինքնագլուխ հերթական անգամ փող ուզել Հրաչիկ Քանանյանից, այս անգամ՝ իբր Գևորգ Լոռեցյանի անունից: Ցանկանում է ասել, որ իր մոր հիվանդ ժամանակ հաճախ Գևորգ Լոռեցյանն է իրեն գումարով օգնել, սակայն դա նրան թույլ չեն տալիս անել»,- ասաց պաշտպանը:

Լևոն Սահակյանը տարակուսում է, քանի որ ի սկզբանե կաշառք տալիս են ինչ-որ բանի դիմաց, սակայն չկա այդ պայմանը:

«Վարույթն իրականացնող մարմինը մտածեց, մտածեց ու հորինեց այդ տերմինը՝ ընդհանուր հովանավորչություն, բայց թե դա ի՞նչ է, անհասկանալի է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ իրենք ասել են անգամ, որ իրենց համար պարզ չէ մեղադրանքի էությունը:

Լևոն Սահակյանը նշում է՝ Գևորգ Լոռեցյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել:

«Քր․դատ օրենսգրքում կա նորմ, ըստ որի՝ ամբաստանյալը ցանկացած ժամանակ կարող է ցուցմունք տալ: Վարորդ Էդուարդ Հովհաննիսյանն ուզում է ցուցմունք տալ: Ինքն էլ է հասկանում, որ իր պատճառով Գևորգ Լոռեցյանը շուրջ 2 տարի անազատության մեջ է գտնվում, սակայն դատարանն արգելում է դա անել, ինչն ակնհայտ ապօրինի որոշում է դատարանի կողմից: Էդուարդ Հովհաննիսյանը ստիպված միջնորդություն է ներկայացնում դատարանին, որում մանրամասն շարադրում է եղելությունը, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին մերժում է»,- ասաց Լևոն Սահակյանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, սակայն դատակոչի են կանչվել 4-ը:

Պաշտպանը նշում է նաև, որ Գևորգ Լոռեցյանն ընդունում է բոլոր վկաների տված ցուցմունքները, չի վիճարկում որևէ մեկի տված ցուցմունքը, այնինչ քննիչն ասում է, որ եթե Գևորգ Լոռեցյանը գտնվի ազատության մեջ, կազդի վկաների վրա:

«Վեց ամիս շարունակ գաղտնալսել են Գևորգ Լոռեցյանին, սակայն այդ ձայնագրությունների մեջ չկա գեթ մեկ նախադասություն՝ Գևորգ Լոռեցյանի կողմից հնչեցված, որն աղերս ունենա կաշառք ստանալու մեղադրանքի հետ»,- ասաց Լևոն Սահակյանը:

Պաշտպանը պնդում է՝ շտապել են Գևորգ Լոռեցյանին ձերբակալելու հարցում, ու հիմա չխայտառակվելու համար, քանի որ փոխնախարար են անհիմն կալանավորել, փորձում են ամեն ինչ անել՝ հիմնավորելու համար իրենց ներկայացրած մեղադրանքը:

«Գևորգ Լոռեցյանը հայտնվել է այնպիսի միջանկյալ վիճակում, որ հիմա նրա ընկերը մնացել են օրենքն ու փաստաբանը: Պարոն Լոռեցյանին քննիչն ու դատախազը չեն կարող պահել անազատության մեջ, եթե նրա գործը մակագրվի կշիռ ունեցող դատավորի»,- եզրափակեց Լևոն Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս