Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության մասնակիցներից մեկը դիվանագիտական ​​ջանքերի քողի ներքո իրականացրել է «Բլեֆ» գործողությունը. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վերջապես աշխատանքային այցով ժամանեց Հայաստան: Նրա հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց հետևյալը.«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Մոսկվան` ի դեմս ՀԱՊԿ-ի, ձեռնպահ մնաց Երևանի ակնկալած կոշտ հայտարարություններից` կապված Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ տարածքներ ադրբեջանական զինուժի ներթափանցման հետ, կատարվածը որակելով որպես «սահմանային միջադեպ», այլ ոչ թե «Ադրբեջանի ագրեսիա՝ Թուրքիայի աջակցությամբ»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Զասն այս առնչությամբ ոչ մի նոր բան չասաց: «Մենք կազմակերպված դիտարկում ենք անցկացնում, այդ թվում ՝ Հայաստանի պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը սպառնալիք են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները չեն սպառվել, իրականում դա կլինի լավագույն տարբերակը բոլորի համար», – ասել է նա:

Զասի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, «բարդացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջնորդների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղիներ որոնելու հիմնաքարային համաձայնությունների իրականացումը»:

Այնուամենայնիվ, Զասի այցը Երևան ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Նախ, հենց այն օրը, երբ նա սկսեց այցը Հայաստան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Երկրորդ՝ մեկ օր առաջ Ադրբեջանի հետ սահմանին սկսվեց ռուս սահմանապահների տեղակայումը, որի հետ ՀԱՊԿ-ը կապ չունի: Հասկանալի է, որ զինված հակամարտության սահմանազատման գոտում ռուս սահմանապահների առկայությունը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի հետ սահմանին ավելի մեծ չափով կորոշի երկու պատերազմող կողմերի հաստատված դիրքերը և կամրապնդի ներկայիս ստատուս քվոն: Պատկերավոր ասած, այս «կարմիր գիծը» թույլ չի տա ապագայում զենքի կիրառմամբ բախումների նախադրյալներ ստեղծել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից:

Երրորդ, Հայաստանում իրադարձությունների զարգացումը լրատվամիջոցներում առաջացրեց հետաքրքիր քննարկում ռուս և ադրբեջանցի փորձագետների միջև, քանի որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դեռ լռում են ռուսների վերատեղակայման դրդապատճառի մասին, ինչը անհավանական վարկածների տեղիք է տալիս:

Բանն այն է, որ անհասկանալի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հետ սահմանամերձ գոտիներում գործողությունների առճակատման սցենարին անցնելու պատճառները, որոնք ակնհայտորեն խափանում են բանակցությունների գործընթացը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ձևաչափով: Ալիևն ակնհայտորեն հրահրեց Փաշինյանին ինչ-որ հակագործողությունների: Բայց ի՞նչ հակագործողությունների: Առաջին բանը, որ գրավում է ուշագրությունը, Ֆրանսիայի ակտիվացումն է Անդրկովկասում: Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիան մտադիր է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանների խնդիրը լուծելու համար: Թե ինչ կարող էր անել Փարիզը, Հայաստանի վարչապետը չմանրամասնեց, թեև Ելիսեյան պալատի աղբյուրներին հղումով, որոշ հայկական ԶԼՄ-ներ պնդում էին, որ «Ֆրանսիան հանդես է գալիս տարածաշրջանում լարված իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կարգավորելու օգտին»:

Նշենք նաև, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Երևանում ասել էր. «ԵՄ -ն մտադիր է ավելի ակտիվ մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը»: Նա հաստատել էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն, որը պետք է ուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Բայց նույնիսկ իրադարձությունների այս ընթացքի դեպքում փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ «դժվար թե Փարիզը Հայաստանի օգտին իսկապես միջամտի ստեղծված իրավիճակին և ռիսկի չի դիմի ավելի վճռական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում», էլ ուր մնաց օտարերկրյա լեգեոն ուղարկելու հնարավորությունը դեպի Անդրկովկաս: Սա կարող է հարուցել պատասխան գործողություններ` առաջին հերթին Ռուսաստանի և, հնարավոր է, Թուրքիայի կողմից:

Հենց այս հանգամանքներն են հուշում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության մասնակիցներից մեկը դիվանագիտական ջանքերի քողի ներքո իրականացրել է «Բլեֆ» գործողությունը`տարածաշրջանում իր համար ընդունելի իրավիճակի հասնելու համար: Բայց, ինչպես գրում է Le Point ֆրանսիական հրատարակությունը, «այս ինտրիգում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է»: Հայաստանում նա ռազմաբազա ունի Գյումրիում, և այժմ վերահսկողություն է սահմանել այս երկրի բոլոր սահմանների վրա և, ըստ թերթի, «դիվանագիտական խաղում Թուրքիային էլ ավելի է մի կողմ մղում՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Լեռնային Ղարաբաղում նրա տարածքում տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս առումով շատ փորձագետներ կարծում են, որ «նոր պատմությունը դեռ նոր է սկսվում»: Ի վերջո, չենք մոռացել, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր մասնակցությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, և հնարավոր է, որ այս ձևաչափի որոշակի հանգամանքներում նա կարողանա տարբեր պարտիաներ խաղալ ղարաբաղյան խնդիրը քննարկելիս: Բայց մինչ այդ, ըստ Բաքվի փորձագետների, «Ալիևին հարմար է Պուտինի հետ, իսկ անհարմար՝ Փաշինյանի և Մակրոնի հետ»: Ադրբեջանը դեռ զուսպ է Մոսկվայի ներկայության նկատմամբ, բայց չի ընդունում Փարիզի մասնակցությունը, որն իրեն դասում է որպես Երևանի՝ Բաքվի նկատմամբ անբարյացակամ ռազմաքաղաքական դաշնակից: Մեծ խաղը շարունակվում է»:

tert.am

Տեսանյութեր

Լրահոս