«Պայքարը և ընդվզումները լինելու են այնտեղից, որտեղից իշխանությունները չեն սպասում». Հայկ Մամիջանյան

«Մենք վերահսկելու ենք և կանխելու ենք ցանկացած հակահայկական, հակապետական մոտեցում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հարցին՝ իշխանություններն արդյոք բաց կլինե՞ն Արցախին վերաբերող հարցերում, քանի որ ժամանակին ասում էին՝ ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, Մամիջանյանն ասաց, որ որպես արտախորհրդարանական ուժ՝ ամեն ինչ արել են վերահսկելու և ժողովրդի իրական կամքն իշխանություններին թելադրելու ուղղությամբ.

«Այս պահին 2 ազգային ընդդիմադիր ուժեր ունեն խորհրդարանական մանդատ և իշխանությանը թույլ չեն տալու նմանօրինակ ձևով ինչ ուզեն բանակցել, և այլն… Լավ, այսպես պատասխանեմ, գուցե որոշ գործընկերներ նեղանան ինձնից, բայց ինչ արած. Մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմող չկա, չկան այնպիսի մարդիկ, որոնք սուրճ խմեն հետը ու հետո լեգիտիմացնեն նրա հակահայկական գործունեությունը»:

Հարցին՝ եթե իշխանությունները դա գաղտնի անե՞ն, Մամիջանյանը պատասխանեց, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս դա կանխելու շատ գործիքներ կան.

«Որևէ մեկի մտքով չանցնի, որ մենք ռուպրները մոռացել և անցել ենք մանդատի. բացարձակ: Մի ձեռքով կարող ենք իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, իսկ մյուս ձեռքով կազմակերպել այն բոլոր ցույցերը, որոնցից այդքան սարսափում են իշխանությունները»:

Մամիջանյանը շեշտեց՝ պայքարը և ընդվզումները լինելու են այնտեղից և այն ձևով, որտեղից իշխանությունները չեն սպասում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս