«Դաժան պահանջ է». կրթության փորձագետ
Առողջապահության նախարարությունը COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների նախագիծ է մշակում։ Առաջարկում են, որ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին:
168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը մասնագետները կոչում են «դեմոկրատիայի պարադոքս»:
«Մի կողմից՝ դեմոկրատիան ասում է, որ մարդու իրավունքները կարևոր են, այս պարագայում մարդը կարող է մտածել, որ դա իր իրավունքն է՝ որոշել՝ ինքը պատվաստվո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մյուս կողմից՝ փորձ է արվում մարդուն դնել անհարմար վիճակի մեջ, պատճառել ֆինանսական խնդիրներ, որոնք իրեն կմղեն պատվաստման: Բնական է, որ ո՛չ ուսանողները, ո՛չ ուսուցիչները չեն կարողանա երկու շաբաթը մեկ թեստ հանձնել, եթե չեն ուզում պատվաստվել:
Իհարկե, սա նոր բան չէ, մի շարք երկրներում էլ են այսպիսի սահմանափակումներ կիրառում, հիմա սա է աշխարհի հիմնական խնդիրը, քանի որ շատ երկրներում չեն կարողանում պատվաստման 50%-ի շեմը հաղթահարել, իսկ եթե պատվաստվողների թիվը մեծ չէ, պատվաստման օգուտն այդքան էական չի լինում, հասարակության մեջ վիրուսն էլի տարածվում է: Սա, կարծում եմ, դաժան պահանջ է, բայց ինչ-որ մի ճանապարհ պետք է գտնել, որ, այնուամենայնիվ, գոնե մարդկանց մեծամասնությունը՝ գուցե 70-80%-ը, պատվաստվեն, որ կորոնավիրուսի դեմ առաջանա որոշակի պաշտպանողական պատնեշ: Այստեղ արդեն հոգեբանական պահ է, մարդուն մղել այնպիսի քայլի, որ իրեն ձեռնտու չլինի չպաստվաստված մնալը: Սա է խնդիրը»,- ասաց Խաչատրյանը:
Ստացվում է, որ այս նախագծի ընդունման դեպքում պատվաստումը դառնում է «կամավոր-պարտադիր», եթե չես ուզում պատվաստվել, վճարի՛ր:
«Այդտեղ է ծուղակը, մարդուն ասում են՝ շատ լավ, եթե դու համարում ես, որ դա քո իրավունքն է, և որոշում ես չպաստվաստվել, այդ դեպքում պատրաստ եղիր անհարմարությունների: Մոտավորապես նման է ծխելու դեմ պայքարին, ինչպե՞ս էր աշխարհը պայքարում ծխելու դեմ՝ տուգանքներ դրեցին, արգելեցին մարդկանց տարբեր տեղերում ծխել, և մարդը հաճախ ստիպված է լինում 300-400 մետր քայլել, որ գտնի ծխելու տարածք, մարդուն դնում են անհարմարությունների մեջ, որպեսզի ազդեն նրա վրա: Ուղղակի ծխելու պարագայում այդ ամենը տեղի է ունենում տարիների ընթացքում, իսկ այստեղ այդքան ժամանակ չունենք, պետք է ավելի արագ անել, որովհետև այս խնդիրը պետք է հաշված ամիսների մեջ լուծել, դրա համար, իհարկե, սա շատ ավելի բարդ խնդիր է»:
Իսկ այս սահմանափակումները չեն խանգարելո՞ւ ուսումնական գործընթացին, օրինակ՝ պատվաստվել չցանկացող ուսանողները կարող է բոյկոտեն և չներկայանան դասերի:
«Այո՛, ցավոք, կարող են լինել նաև այդպիսի բաներ: Եթե, ենթադրենք, որ մի խումբ մարդիկ ո՛չ պատվաստվում են, ո՛չ թեստ են հանձնում, ի՞նչ ենք անում մենք իրենց: Հասկանալի է, որ երկու շաբաթը մեկ 15.000 դրամ վճարելը շատերի համար անիմաստ ծախս է, այդ դեպքում մարդիկ կարող են նաև ըմբոստանալ: Տեսնենք, ամեն դեպքում պետք է մարդկանց հետ ավելի շատ աշխատել, բացատրել»,- ասաց կրթության փորձագետը:
Նշենք, որ այս սահմանափակումները գործելու են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձանց համար: