«Ի՞նչն է ձեզ համար կարևոր՝ տեղային «պատերազմնե՞րը», թե՞ հայրենիքի հանդեպ սերը». Արմեն Սարգսյանը՝ պատգամավորներին
«Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքով ԱԺ ներկայացված ուժերին, այսինքն՝ ձեզ, հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել, և ապա՝ իրականացնել ապագային միտված իրական ռազմավարական ծրագրեր,- ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ շնորհավորելով խորհրդարան անցած ուժերին՝ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մանրամասնելով,- Ապագան, առանձին վերցրած, մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն. ապագան մենք ենք, որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև՝ մեր երեխաների, նախնիների հանդեպ ունեցած պարտքով: Նախնիների, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:
Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը: Պետք է ամեն ինչ անել պաշտպանելու և պահպանելու համար մեր պետականությունը, պահպանելու՝ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն, որպես կարևորագույն համահայկական արժեք»:
Արմեն Սարգսյանը վստահ է՝ արդյունավետ կառավարման էությունն ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է.
«Ցանկալին՝ որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերություններն ու սխալները և պատասխան տանք դրանց համար:
Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները, այդ թվում՝ սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը, մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը:
Հարգելի՛ պատգամավորներ, մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան:
Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը. ակնհայտորեն այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը։ Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել՝ ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշչի։ Բոլորս պետք է ունենանք մեր գլխավոր նպատակը՝ պահպանել և պաշտպանել, զարգացնել մեր պետականությունը: Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը, և այդ դեպքում մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է նստել և հետևել, թե ինչպես ենք մենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ՝ անուղղելի վնաս հասցնում մեր պետական դիմադրողականությանը՝ իմունիտետին»:
Համաշխարհային միտումներին մաս կազմելու և մրցունակ լինելու համար նախագահը կարևորեց նաև Սփյուռքի ներդրումը.
«Սովորել ենք հպարտանալ աշխարհասփյուռք ականավոր հայերի ձեռքբերումներով: Պատմում ենք նրանց մասին, գրքեր ենք գրում: Պարադոքսալ վիճակ է, երբ հայկական հսկայական ներուժից հիմնականում օգտվում է աշխարհը՝ բացի Հայաստանից:
Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ նրա պետական, ազգային ինքնության կարևորագույն մասնիկը։ Մեր հայրենակիցներն իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա: Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստն այլևս չի կարելի անտեսել»:
Նա հավելեց, որ պետք է իրավական մեխանիզմներով ամրագրել, որոնք սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն կտան օգտակար լինել հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին, ապա նշեց, որ պետության զարգացման տեսլականը պետք է կառուցել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տենոլոգիաների, ժամանակակից գյուղատնտեսության, սննդի անվտանգության վրա, որակապես մրցունակ գիտակրթական և առողջապահական համակարգի վրա, անցում կատարել մարդակենտրոն սոցիալական, ժողովրդական կենսակերպի: Այս համատեքստում նա կարևորեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար սկսվում է պատմության մի նոր էջ՝ իր մարտահրավերներով և չսխալվելու հրամայականով. այդ շռայլությունը, ցավոք, այլևս չենք կարող ունենալ։ Իհարկե, ամուր ու կայուն ապագա համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են մասնագիտացված հատուկ դպրոցներ, որոնք պետք է բարձակարգ պրոֆեսիոնալներ պատրաստեն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների համար: Խոսքս երիտասարդության մասին է»,- նշեց նա:
Նախագահը վերահաստատեց՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, երկրի պաշտպանության արդյունավետ կազմակերպումը, Արցախի կարգավիճակի արդար լուծումը, Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ըստ նրա` ի դեմս Հայաստանի՝ մեր դաշնակիցները պետք է տեսնեն հասուն, կանխատեսելի, վստահելի և ուժեղ երկիր. երկիր, որն առանձնահատուկ հարաբերություններ ունենալով ՌԴ-ի հետ՝ միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հյուսիսի, և՛ Հարավի հետ:
«Աշխարհը գտնվում է հետմիաբևեռ համակարգի ձևավորման ճանապարհին, որտեղ, բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ տերությունների, էական դեր են ունենալու փոքր, բայց սփռվածություն ունեցող և ազդեցիկ պետություններն ու ազգերը։
Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել: Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության, այլապես, լավագույն դեպքում, հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում»,- եզրափակեց նախագահը։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստն է: Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները: