Բաժիններ՝

«Մեր զինվորը պետք է տեսնի, որ թիկունքն ամուր է, մարդիկ ամեն կրակոցից չեն փախչում գյուղից»․ Երասխի բնակիչ

«Գյուղում այս պահին հանգիստ է, երեկ մի պահ կրակոցներ լսեցինք, մեկ էլ այսօր առավոտ շուտ, արդեն սովորական է դարձել, չենք վախենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչը։

Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղացիներն այս պահին դաշտերում, այգիներում իրենց աշխատանքով են զբաղված, ապա հավելեց, որ կրակոցները գյուղի ներքևի հատվածում են եղել․

«Էն նույն պոստերի ուղղությամբ են կրակում, որտեղ օրեր առաջ զոհ ու վիրավոր ունեցանք։ Թուրքն անընդհատ ուզում է առաջ գա, բայց մեր տղերքն ամուր կանգնած են, թույլ չեն տալիս։ Մենք էլ մեր ձևով ենք պաշտպանում գյուղը, մեր զինվորը պետք է տեսնի, որ թիկունքն ամուր է, մարդիկ ամեն կրակոցից չեն փախչում գյուղից․․․»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ ՊՆ-ից հայտնում են՝ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերն էլ, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել էին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 32 տարեկան Սամվել Գագիկի Ալավերդյանը: Ինտենսիվ կրակոցները շարունակվել էին նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս