Մարզպետը շատ փոքր մարդ ա, որ կարողանա ինձ հրահանգ տա․․․ Սանոսյանի մոտ աբիժնիկություն է մնացել, հիմա ինքը շանտաժով է զբաղվում. Հակոբ Ավետյան
Իշխանությունը Լոռու և Արագածոտնի մարզերում ոչ իշխանական կուսակցության ներկայացուցիչ համայնքապետերին քաղաքական հայացքների համար հրաժարականների պահանջներ ներկայացնելուց, Սյունիքի համայնքապետերին տարբեր քրեական գործերով կալանավորելուց հետո, այժմ էլ անցել է Գեղարքունիքի մարզի ոչ «իմքայլական» համայնքապետերին հրաժարականներ առաջարկելու գործընթացին:
Երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որը դեռ հուլիսի 7-ին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր, որ իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետերն ուղղակի ինքնակամ պետք է հրաժարական տան, ու միևնույն ժամանակ ասել էր, թե իրենց մարզում համայնքապետերին հրաժարականների առաջարկներ ներկայացնելու գործընթաց չկա, Գեղամասար (Սոթք կենտրոնով) համայնքի ղեկավարին հրաժարական տալու առաջարկ է ներկայացրել:
Գեղամասար (Սոթք կենտրոնով) համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ին տեղեկացրեց, որ հրաժարականի պահանջը Գնել Սանոսյանից ստացել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ու դա պայմանավորված է իր՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու հանգամանքով:
«Նախ ասեմ՝ մեր մարզպետը շատ փոքր մարդ ա, որ ինքն ինձ կարողանա հրահանգ տա: Ինքը փորձում է անի, բայց չի ստացվում ոչ մի անգամ: Ինքն առաջարկել է, որ հրաժարական տամ, դա էլ գալիս է մեր քաղաքական հայացքներից՝ ընտրությունների հետ կապված: Ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, այսինքն՝ «Հայաստան» դաշինքի: Էդտեղից իրենք շատ նեղված են մնացել: Ու մարզպետը, որ ընտրություններից հետո ինձ առաջարկեց հրաժարական տալ, ես իրեն շատ չոր ու կոնկրետ եմ պատասխանել, որ նման քայլի ես չեմ գնա: Հիմա իր մոտ դրանից, կարող եմ ասել, աբիժնիկություն է մնացել: Չնայած միշտ է եղել դա իր մոտ: Ու հիմա, որ տեսել է՝ ոչ մի բան չի կարողանում անի, արդեն տենց հայտարարություններով, տարբեր ձևերով է փորձում ինձ կպնի, որն էլի իրեն չի հաջողվի: Բայց այդ մասին ես չեմ բարձրաձայնել: Երեկ նոր առաջին անգամ ասել եմ, որովհետև ես չեմ սիրում ամեն մի նման մանր բաները, որոնք ես կարողանում եմ լուծեմ, դրա մասին բարձրաձայնեմ:
Իսկ իր հայտարարությունները, երեկ, որ ասել է՝ բազմաթիվ քրեական գործերի միջով է անցնում, իր կողմից դա շատ սխալ պահվածք է, ինքը մարզպետի պահվածք չունի ու իրավունք չուներ նման հայտարարություններ անել, որովհետև դրա հիմնավորումները չունի: Եթե ես հիմա իրենից պատիվ պահանջեմ. ինքն ընդամենը օդում խոսել է, իսկ ի պաշտոնե իր պահվածքը շատ վատ է, շատ թույլ մարդու դրսևորում է: Ես այդպես կասեմ»,- 168.am-ին ասաց Հակոբ Ավետյանը:
Երեկ լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Հակոբ Ավետյանի՝ բազմաթիվ քրեական գործերով անցնելու մասին ակնարկելուց զատ, ի պատասխան լրագրողների հարցին, թե նորմա՞լ է համարում, որ սահմանային միջադեպերի, կրակոցների ֆոնին Ավետյանին տանում են ԱԱԾ, պատասխանել էր.
«Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետը Երևանում էր: Իրեն կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, պարզվեց՝ Երևանում է, կանչել էին Երևանի ԱԱԾ»:
Որպես Սանոսյանի ակնարկին արձագանք՝ Հակոբ Ավետյանը վստահեցրեց, որ Գեղարքունիքի մարզպետը շատ լավ իմացել է իր՝ Երևան գալու պատճառների մասին ու նման հայտարարություններով պարզապես փորձում է իրեն շանտաժի ենթարկել:
«Ես այդ գիշեր եկել էի Երևան, որովհետև ես բանկերի հետ ունեմ խնդիր, բանկերը հիմա իմ տունն են հանել վաճառքի, տունը և մեքենան: Ու Սանոսյանը շատ լավ տեղյակ էր դրանից: Ես իրենց ասել էի՝ «ի՞նչ անենք այդ հարցում, ինձ ժամանակ է պետք մինչև աշուն», ինքը ոչ մի միջամտություն չարեց, ոչ էլ կարող էր անել, դրա համար ես չեմ նեղանում: Ասել եմ՝ ես պետք է գնամ, բանկերի հետ իմ հարցերը կարգավորեմ: Այդ գիշեր, որ ինձ զանգեցին, ասին՝ կրակոցներ են եղել, ես գիշերը թողել եմ, Երևանից հետ եմ եկել համայնք: Առավոտ շուտ ես իմ համայնքում եմ եղել, տեղյակ եմ եղել, մասնակցել եմ բոլոր հարցերին, ու որ դրանից հետո հրադադար տվեցին, արդեն կրակոցները դադարել էին, ես շուտ գնացի Երևան՝ իմ տան հարցերով: Իսկ իմ տան հարցը չի կարա լինի երկրորդական:
Եթե ես սահմանի վրա տարածք եմ պաշտպանում, եթե իմ տունը չպաշտպանեմ, բա ո՞ւմ տունը պաշտպանեմ, բա ո՞նց չգնամ ես իմ տան հարցերով: Ինքը շատ լավ տեղյակ է եղել դրա մասին, ինքը կարող էր էդպես ասել: Ինքն իրավունք չուներ ասեր՝ ինչի՞ համար է Երևանում: Երևանում չեմ գնացել կոֆե խմելու: Ինքը լավ տեղյակ է ու ինքն ավելի շատ ոնց որ շանտաժով է զբաղվում իմ հանդեպ:
Այո, ես հստակ կարող եմ ասել՝ ինքը շանտաժով է զբաղվում, որովհետև ինքը շատ թույլ կարա գտնվի իմ հանդեպ, չի կարա ոչ մի բան անի, չի կարա ստիպի՝ իմ կամքին հակառակ ինչ-որ բան փոխի, դրա համար արդեն շանտաժով է զբաղվում: Ես վստահ դա կարող եմ ասել: Որպես մարզպետ՝ ես իր հանդեպ ոչ մի անգամ տենց հայտարարություններ չէի անի, բայց եթե ինքն ուզում է իմ անձնականին կպնի, ես պարզ ասում եմ… Ինքն էդ օրն ինձնից պահանջել էր հրաժարական, ես դրա մասին ոչ մի բան չէի ասել: Իմ նեղ շրջապատում բոլորն էլ գիտեին, ասել եմ, բայց տենց հայտարարություն ես չէի անի: Իսկ ինքը որ արդեն շանտաժով է զբաղվում, ես ուզում եմ ասել, որ դրա հիմքում ինչն է ընկած, իր այդ աբիժնիկությունը ինչից է գալիս»,- ասաց Ավետյանը:
Հ.Գ. Երեկվանից, երբ մամուլում սկսեց շրջանառվել տեղեկությունը, որ Գնել Սանոսյանը Հակոբ Ավետյանին հրաժարական տալու առաջարկ է ներկայացրել, Գնել Սանոսյանը, գուցե զուգադիպությամբ, դադարեց պատասխանել լրագրողների զանգերին: Մինչ այս պահը Սանոսյանի հետ որևէ կերպ կապ հաստատել չի հաջողվում: