Կոմունիկացիաները պետք է բացվեն. Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանն՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ չի կայունանում։
«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները», – aysor.am–ի փոխանցմամբ, ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման։
«Ադրբեջանը շարունակում է մատնանշել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։
«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրանական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր»,- ասաց Փաշինյանը։