Բաժիններ՝

Պատերազմից հետո նվագս փոխվեց. Շուշիի հրթիռակոծված եկեղեցում «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայազգի թավջութակահար Սևակ Ավանեսյանը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, ժյուրիի անդամ, սակայն Հայաստանում երաժիշտը մեծ ճանաչում ձեռք բերեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո: Թավջութակահարը նշում է՝ նվագել է ոչ թե ինքը, այլ հայ ժողովուրդը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այժմ Հայաստանում է և եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի, դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հետ Երևանում ելույթ է ունենալու Հայաստանի պետական նվագախմբի նվագակցությամբ:

Մինչ համերգը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, լրագրողները հնարավորություն են ունեցել մասնակցելու համերգի փորձին և զրուցելու Սևակ Ավանեսյանի հետ, որն իրեն երևանաբնակ է համարում. մեկնում է արտերկիր հյուրախաղերի, հետո վերադառնում հայրենիք:

Խոսելով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում իր կատարման մասին՝ թավջութակահարն ասում է՝ պատերազմի օրերին այդ ելույթն անհրաժեշտ էր ամբողջ աշխարհին ցույց տալու, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում, թե ինչ անարդարություն է տեղի ունենում, և աշխարհն ինչ անտարբեր է: «Այդ նպատակով նվագեցի եկեղեցում, բայց նոյեմբերի 9-ից մինչ օրս չեմ խոսել այդ մասին, քանի որ կատարումը մնաց պատմության մեջ: Պետք է խոստովանեմ՝ նվագելիս չէի սպասում, որ ամեն բան այսպես կավարտվի: Այդ պահին ես չէի. հայ ժողովուրդն էր»,-պատմում է թավջութակահարը:

«Կռունկ» ստեղծագործության ընտրությունը պատահաբար է եղել: Մինչ այդ պահը երաժիշտն այն երբեք չի նվագել: Հենց նստել է աթոռին, հասկացել է, որ «Կռունկը» պետք է նվագի: «Ո՛չ պարապել էի, ո՛չ տոնայնությունը գիտեի: Եթե հիմա պարապեմ, գուցե չկարողանամ այդ կերպ նվագել»,-ասում է նա:

Թավջութակահարը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, սակայն կարողանում է համատեղել երաժշտությունն ու սպորտը: Վստահեցնում է, որ սպորտը ևս նրբություն է պահանջում: «Մարտարվեստ բառն արդեն խոսում է այն մասին, որ այն ևս արվեստ է: Մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ բրազիլական ջիու-ջիթսուի և կրաֆտինգի Հայաստանի առաջնությանը և պատրաստվում եմ մասնակցել մարտեր առանց կանոնների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի վերջին: Ձեռքերս դեռ լուրջ չեն վնասվել: Մարզումների և մրցումների ժամանակ վնասվածքներ ստանում եմ, բայց դա չի խանգարում նվագելուն»,-ասում է Ավանեսյանն ու հավելում՝ եթե թավջութակ չնվագեր, գուցե ավելի մեծ հաջողությունների հասներ սպորտում: Նրան հետաքրքիր է, թե ինչքան կարող է այս տարիքում սպորտով զբաղվել և հնարավո՞ր է չեմպիոն դառնալ:

Երաժիշտը մշտապես փորձել է կոտրել կարծրատիպերը: Այդ է վկայում նաև Հայ Առաքելական Եկեղեցում թավջութակ նվագելը: Շեշտում է՝ եթե կարող է թավջութակ նվագել, ռինգում հաջողությունների հասնել, ինչո՞ւ չանել դա:

Սևակ Ավանեսյանն այժմ նվագում է հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկու գործիքով: Կարևորում է թե՛ հույզերը, թե՛ կատարողական տեխնիկան: «Միշտ պարապում եմ տեխնիկայի վրա, բայց ելույթի ժամանակ այն կորչում է, այսինքն՝ այնքան ես պարապում, որ դա դառնում է բնական բան, իսկ կատարումն այն է, ինչը ես եմ: Կյանքում այն ամենն ինչ տեսնում եմ, ինչպես ապրում եմ, կարդում եմ, շնչում եմ, արտահայտվում է հույզերով, ինչն էլ փոխանցվում է տեխնիկայի միջոցով. տեխնիկան ընդամենը գործիք է: Իմ նվագը շատ փոխվեց պատերազմից հետո: Նույն գործերը հիմա այլ կերպ եմ տեսնում: Երբ պատերազմի օրերին Արցախում էի, գլխումս Բեթհովենի մի քանի ստեղծագործություն էր պտտվում: Սթրես էր, վախ, որ ամեն վայրկյան կարող են կրակել, կամ անօդաչու թռչող սարքը կարող է հարվածել: Ինձ պահողը, հաց ու ջուրը երաժշտությունն էր և պատերազմից հետո այլ կերպ եմ տեսնում ամեն բան»,-ընդգծում է նա:

Թավջութակահարն օրեր առաջ է վերադարձել Արցախից: Նշում է, որ ցավալի երևույթների ականատես է եղել, սակայն, երբ տեսել է, որ Արցախում երեխաները վազվզում են, ծիծաղում, դպրոց գնում, երբ մարդը, որը զրկվել է ոտքից, ժպտում է, ասում, որ պետք է նորից ստեղծել, երբ Հադրութում երկու որդուն կորցրած կինը ժպտում է, գալիս համերգի ու խոսում նորից կառուցելու մասին, հասկացել է, որ Արցախը կա, Հայաստանը կա և անհրաժեշտ է կրկին կառուցել:

Անդրադառնալով Սիմֆոնիկ նվագախմբ հետ սպասվող համերգին՝ Սևակ Ավանեսյանը պատմեց, որ առաջին անգամ են հանդես գալու միասին: Գաղափարը Ավանեսյանինն է: Երևանում են և՛ Սևակը, և՛ Մարիաննան և՛ Հրաչյան: Սերգեյ Սմբատյանին առաջարկել են ելույթ ունենալ միասին: Սմբատյանը միանգամից համաձայնել է, ասել, որ Հայաստանում չէ, սակայն նվագախումբը կղեկավարի Վահագն Պապյանը: Համերգին կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։

Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս