«Դաշտում գործ էի անում, ժամը 11։26-11։27 կրակոցները սկսվեցին․ իշխանությունները թող մի օր գան Երասխում ապրեն, չեն ապրի, մեծ-մեծ խոսալը հեշտ է»․ Երասխի բնակիչ

Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր առավոտյան իրենց գյուղի դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցներին՝ ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։

«Դաշտում գործ էի անում, ժամը 11։26-11։27 էր, կրակոցներս սկսվեցին, երևի կես ժամի չափ կրակեցին ու դադարեց, էս պահին ոչ մի բան չկա, հանգիստ է»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կրակոցները եղել են այն նույն դիրքերի ուղղությամբ, որտեղ օրեր առաջ զոհ և վիրավոր էինք ունեցել։

Նրա խոսքով՝ այս պահին գյուղում խուճապ չկա, մարդիկ շարունակում են աշխատանքներ կատարել իրենց դաշտերում և այգիներում, բայց մյուս կողմից՝ սպասում են, որ իշխանությունները հարցին լուծում տան, ինչը, իրենց խոսքով՝ չի արվում․

«Ոչ մեկը չկա, որ մտածի՝ այդ ուղղությամբ կամ մի բան ձեռնարկեն։ Ի՞նչ են անում, ասում են՝ նորմալ է, ի՞նչն է նորմալ, կամ ո՞նց վտանգ չկա, ո՞նց են այդ մարդիկ մտածում, բնական է, իրենք տեղում չեն, ոչ մի բան չեն տեսնում, մեծ-մեծ խոսում են․․․ Մենք տղամարդ ենք, չենք վախենում, բայց այստեղ ընտանիքներ կան, կանայք, երեխաներ կան ու վախ կա, չէ՞»։

Երասխի բնակչից հետաքրքրվեցինք՝ արդյոք չե՞ն պատրաստվում իշխանության ներկայացուցիչներին հրավիրել իրենց գյուղ և տեղում այդ ամենը նրանց ասել․

«Ախր չեն գա, է։ Մարդիկ կան, որ նստած տեղերից հավայի խոսում են, դե թող գան մի օր, շատ չէ, մի օր մնան Երասխում, կապրե՞ն մի գիշեր, չեն ապրի, կամ իրենց ընտանիքի հետ գան-մնան, կմնա՞ն, կյանքում էդ բանը չեն անի։ Մեծ-մեծ խոսալը հեշտ է իրենց համար․․․»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարություններին, թե Երևանը, Զանգեզուրն իրենց պապական հողերն են, ապա դժգոհեց իշխանություններից, որ համարժեք պատասխան չեն տալիս թշնամի երկրի ղեկավարի զառանցանքներին․

«Դրանց (Ադրբեջանի) ղեկավարությունը, որ ասում է՝ սա մեր պապական հողն է, մի հատ արձագանքող չկա, մեկը չկա, որ հելնի, ասի՝ այ ոչխա՛ր, Հայաստանը որ կար, Ադրբեջան գոյություն ունեցե՞լ է, Ադրբեջանն ո՞ւր է եղել, որ հիմա էլ ձեր պապական հողերն են․․․»։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 32 տարեկան Սամվել Գագիկի Ալավերդյանը: Ինտենսիվ կրակոցները շարունակվել էին նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Հուլիսի 19-ին ևս ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել էին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել էին հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս