«Բա ո՞նց խուճապ չի լինի․ ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա»․ Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն եղել, մարդիկ իրենց առօյա աշխատանքով են զբաղված։

«Հիմա խոտ ենք հնձում, հիմնականում մեր տարածքի արոտավայրերն են ադրբեջանցիների մոտ, խոտհարքներն էլ են շատ մոտ, բայց գնում ենք, ի՞նչ անենք, ճարներս ի՞նչ է»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեռ հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։

«Ռուսական կողմի գործընկերները, զինվորականները, նրանց մի մասը նաև արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասել էր Սանոսյանը, ապա հավելել, որ ռուս սահմանապահների տեղակայումը օրերի հարց է։

Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ռուս սահմանապահները տեղակայվե՞լ են Վերին Շորժայում․

«Այդ պահի դրությամբ՝ սահմանապահներ չկան»։

Իսկ հարցին՝ գյուղացիների մոտ արդյոք խուճապ չկա՞, քանի որ շաբաթներ առաջ գյուղացիները 168.am-ի հետ զրույցում իրենց անհանգստություն էին հայտնել՝ ասելով, որ գիշերը դռներն ամուր կողպում, նոր քնում են, Վերին Շորժայի գյուղապետն այսպես պատասխանեց․

«Որպես հայ՝ ձեզ մոտ խուճապ չկա՞։ Բա ո՞նց խուճապ չի լինի, եթե դուք Երևանում՝ 200 կիլոմետր հեռու, անհանգստանում եք, ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա, նման բան կլինի՞։ Տա Աստված, ամեն ինչ լավ լինի, բայց ամեն վայրկյան թշնամուց սպասիր ամեն ինչ․․․»։

Արտյոմ Երանոսյանը նաև ասաց, որ երբեմն իր խոսքն այնպես են ներկայացնում, թե իբր գյուղում ամեն ինչ հանգիստ է, որևէ խնդիր չկա, բայց այդպես չէ, պարզապես իրենք էլ թշնամու դեմ պայքարելու իրենց ձևն ունեն․

«Թշնամուն ցույց ենք տալիս, որ մենք չենք վախենում, վարուցանք ենք անում, մենք էլ մեր գործողությամբ ենք դրանց դեմ պայքարում։ Թե չէ ինչ-որ պահի, որ ասում եմ՝ հանգիստ է, դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակի մասով անհանգստանալու կարիք չկա։ Մի օր հլը թող գան, մնան այստեղ, տեսնեն՝ մարդ այստեղ հանգիստ կլինի՞։ Միայն անգիտակից մարդը հանգիստ կլինի, որ թշնամին այսքան հատվածը եկել-հասել է, հանգիստ լինեն․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։

Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։

Օրերս առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեսանյութեր

Լրահոս