«Նորմալ է». Արարատի և Գեղարքունիքի մարզպետները՝ մարզերում տիրող տրամադրությունների մասին
Պաշտպանություն նախարարությունը երեկ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն և որ հայկական կողմից 3 զինծառայողներ «թեթև» վնասվածքներ են ստացել: Սակայն այսօր արդեն տեղեկացանք, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարությունն առավոտյան հաստատեց նաև այս գիշեր ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Երասխի հատվածում ադրբեջանական ԱԹՍ խոցելու լուրերը:
168.am-ը Գեղարքունքի ու Արարատի մարզպետների հետ զրուցել է այս պահին այս մարզերում առկա տրամադրությունների մասին:
«Սահմանին ապրող մարդն այնքան է նման բաներ տեսել, որ իր համար սովորական է»,- ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ տեղեկացնելով, որ եղել է և՛ Տիգրանաշենում, և՛ Երասխում:
Դիտարկմանը, թե Երասխի հետ սահմանին նման լարված իրավիճակներ առաջացել են հատկապես վերջին պատերազմի հետևանքով, մարզպետը արձագանքեց.
«Այս ժողովուրդը, որ սահմանին ապրում է, 90-ականներին այնքան բան է տեսել, այնքան հրետակոծություն, որ նման բաները ծանր չի ընդունում»:
Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հուլիսի 20-ին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծությունից հետո մեզ հետ զրույցում Ռազմիկ Թևոնյանը վստահեցրել էր, որ Երասխում «ամեն ինչ նորմալ է», 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս պահին էլ է նույնը պնդում, նա պատասխանեց.
«Հիմա էլ է ամեն ինչ նորմալ. ես գիշերն էլ եմ այստեղ եղել: Գիշերը 11 անց է եղել դա, ես քիչ անց այնտեղ եմ եղել, լրիվ նորմալ, նոր էլ՝ կրկին նորմալ»:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեզ հետ զրույցում մասնավորապես հայտնեց. «Մարզում հիմա վիճակը նորմալ է: Երեկ է փոխհրաձգություն եղել, մեր տղաներից երեքը վիրավորվել են, որից հետո կայունացել է, հիմա նորմալ է: Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստություն կա. սպասում են կարգավորմանը: Գիտեք, որ այնտեղ որոշակի պրոցես կա՝ կապված ռուսական կողմի գործընկերների տեղակայման հետ, որոշակի սպասողական իրավիճակ կա, որ դրանից հետո կկարգավորվի, ու նման միջադեպեր չեն լինի»:
Գեղարքունիքի մարզպետը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց՝ շուտով նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը՝ նկատելով. «Ես հիմա հանգիստ աշխատում եմ. որևէ այլ մեկնաբանություն չեմ տա»: