Ունենք մեկ վիրավոր, վիճակը լավ է, ժողովուրդն էլ «դուխով» է. Արարատի մարզպետը՝ Երասխում իրավիճակի մասին

Պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած՝ մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը,  պարբերաբար կիրառել են նաև ականանետեր:

Արդեն գիշերը սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց,  որ վիրավորվել է Երասխի համայնքապետը՝ Ռադիկ Օղիկյանը:

Երասխի բնակիչը 168.am-ի հետ զրույցում այսօր մանրամասնել էր․

«Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում կրակոցներ եղան, մոտ կես ժամ կրակեցին, բայց թույլ էր, իսկ գիշերը 23:00-ի մոտերը ահավոր կրակոցներ սկսվեցին: Էդ գիշերվա ուժեղ կրակոցների ժամանակ է եղել, ասացին՝ գյուղապետն ուսից վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց…»:

168.am-ը կապ հաստատեց նաև Արարատի մարզպետի ժ/պ Ռազմիկ Թևոնյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Երասխում և արդյո՞ք տեղում ծանոթացել է իրավիճակին։

Ի պատասխան՝ մարզպետը վստահեցրեց.

«Ես երեկվանից այնտեղ եմ եղել, առավոտյան եմ եկել. լրիվ նորմալ է, լրիվ հանգիստ է: Ունենք մեկ վիրավոր, վիճակը լավ է, ժողովուրդն էլ «դուխով» է»:

Հարցին՝ եթե ամեն ինչ շատ լավ է, ինչպե՞ս է Երասխի համայնքապետը վիրավորվել, Ռազմիկ Թևոնյանը զարմանքով արձագանքեց․ «Վա՞յ»։

Նա խնդրեց մանրամասների մասին տեղեկանալ Պաշտպանության նախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս