Պետք է կրկին հաղթահարվի Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունը, որովհետև նա նոր կարգավիճակ է ստացել. փաստաբան

Սյունիքի մարզի 4 համայնքի՝ Որոտանի, Գորիսի, Մեղրիի և Քաջարանի ղեկավարները և մեկ վարչական շրջանի՝ Որոտանի ղեկավարն այժմ կալանավորված է: Նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում նրանք նախ ձերբակալվեցին, ու չնայած նրանցից ոմանց ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց, նրանք 5-ն էլ այժմ կալանավորված են:

Համայնքապետերից երկուսի՝ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի և Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանի տեսակցությունները քննիչի որոշմամբ արգելվել են:

168.am-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը նշեց, որ Սարգսյանի տեսակցություններն արգելելու մասով որոշում ինքը չի ստացել, տեսակցության արգելքի խնդրի չեն առերեսվել:

«Այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունեմ, քանի որ նման խնդրի չենք առերեսվել: Այսինքն՝ դեռ որևէ մեկը տեսակցությունների չի գնացել, որպեսզի պարզենք՝ տեսակցությունները բա՞ց են, թե՞ փակ: Ամեն դեպքում մեր քննիչի կողմից նման որոշում չի տրամադրվել: Մենք տեղեկություն չունենք»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Արթուր Սարգսյանը նաև «Հայաստան» դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու:

Երեկ ԿԸՀ արտահերթ նիստում մանդատների բաշխման ընթացքում պատգամավորական մանդատ ստացավ նաև կալանավորված Արթուր Սարգսյանը:

Վերջինիս փաստաբանի խոսքով՝ պատգամավորական մանդատ ստանալը ենթադրում է, որ կա անհրաժեշտություն նորից հաղթահարել Արթուր Սարգսյանին տրված անձեռնմխելիությունը:

«Ըստ իս՝ պետք է կրկին հաղթահարվի նրա անձեռնմխելիությունը, որովհետև նա նոր կարգավիճակ է ստացել: Ես համապատասխան գրությամբ երկուշաբթի օրը դիմելու եմ ՀՀ դատախազությանը, որպեսզի այս հարցերի հետ կապված պարզաբանումներ տան»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ շաբաթ առաջ: Նրա փաստաբանը կալանավորման դեմ արդեն իսկ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Տեսանյութեր

Լրահոս