Ստո՛ւմ է իշխանությունը, թե կոռուպցիա չկա. բերեմ նրանց կողմից կոռուպցիայի դասական օրինակներ. Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ են սահմանել, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ, խոսելով վերջին ամիսների վիճակագրության մասին՝ մանրամասնեց. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաև հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից և 80 հազարով ավել է 2018 թվականից»:
168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում, խոսելով Կառավարության արձանագրած աննախադեպ և ռեկորդային ցուցանիշերի մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ իշխանությունը հերթական անգամ անում է պոպուլիստական և իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ։
«Անվտանգային կայունության բացակայությունը տնտեսության զարգացման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այդպիսի խնդիր ունեցող տարածքներ ներդրումները չեն հոսում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի բերած թվերին, ապա պետք է ասեմ, որ մենք շատ լավ գիտենք, թե նա որ տեղեկատվությունն է ճիշտ տրամադրում, որը՝ ոչ։
Հաշվի առնելով այս Կառավարության նկատմամբ անվստահությունը և այս Կառավարության անկանխատեսելիությունը՝ չի կարելի հուսալ որևէ դրական բան։ Դրանից բացի, այս ամենին գումարվում է նաև այն, որ նրանք տնտեսությանը խանգարում են։ Ես ասում եմ, որ տնտեսության վիճակը ոչ թե վատ է, այլ՝ շատ վատ է։ Գաղտնիք չէ, որ երբ Կառավարությունը խոսում է ռեկորդային գրանցված աշխատատեղերի թվի մասին, շատ լավ գիտի, որ իրենք ոչ թե նոր աշխատատեղ են ստեղծել, այլ ստվերից են դուրս բերել. ստվերային դաշտում գործողներին սպիտակ դաշտ բերելը, այո՛, լավ է, բայց աշխատողը, այսպես թե այնպես, եկամուտ է ստանում։ Հիմա, նրան բերելով սպիտակ դաշտ, նա եկամտահարկ է վճարում, բայց նրա շահութահարկը նույն չափով պակասում է, հետևաբար՝ պետական բյուջեի վրա այս թվերից որևէ բան չի փոխում, հետևաբար՝ այս ամենը շոու է»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Պետական եկամուտների կողմից թմբկահարվող հարկային եկամուտների գերակատարմանը, ապա Սարգսյանը նշեց.
«Ստո՛ւմ են։ Գերակատարում թմբկահարեցին, բայց եկեք պարզենք, թե որտեղից է այդ գումարը գոյացել։ Հիշում ենք, որ անցյալ տարի շահութահարկի արձակուրդ էին տվել տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տնտեսական շոկին դիմանալու համար, հիմա՝այս տարի, այդ 80 միլիարդ դրամի հետաձգված հարկը տնտեսվարողները վճարել են, հետևաբար, որ ասում են, թե գերակատարել են հարկային եկամուտները, ապա այդ թվի մեջ 80 միլիարդ դրամը հենց այս գումարն է։ Մյուս կողմից՝ կա բարձր գնաճ. այս պահի դրությամբ 2020 թվականի համեմատ պահպանվում է 30-40 տոկոս գնաճ, իսկ գնաճի դեպքում միշտ էլ հարկային եկամուտներն ավելանում են։ Մյուս գործոնն ամբողջ աշխարհում նկատվող պղնձի գների աճն է, որի հաշվին հարկերը հավաքել են, հետևաբար՝ եթե խորքային նայենք, կտեսնենք, որ ոչ թե հարկային եկամուտների աճ ունենք, այլ՝ նվազում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Խոսելով պետական բյուջե ուղղվող հարկային եկամուտների մասին՝ Նաիրի Սարգսյանն ուշադրություն հրավիրեց բյուջե արտարժույթով եկամուտ բերող միակ գործարանի՝ Զանգեզուրի պնձնամոլիբդենային կոմբինատի շուրջ կատարվող իրադարձություններին։
Ըստ նրա՝ կոմբինատի աշխատանքի պարալիզացումը բերելու է երկրում դրամի անկայունացման, իսկ կոմբինատին հասցված տնտեսական վնասները կարող են բերել աշխատողների աշխատավարձերի կրճատման և հաստիքների կրճատման, իսկ դա էլ իր հերթին բերելու է Սյունիքից սյունեցիների արտագաղթի։
«Մարդկանց անվան հետ խաղում են, կամերաների տակ մասկի-շոու են ցուցադրում, խախտում անմեղության կանխավարկածը. բոլոր գործարանների դեպքում այդպես է եղել, բայց Զանգեզուրի կոմիբինատի հետ կապված վտանգները շատ սուր են, որովհետև երբ ասում են, որ պետք է պետականացնեն, ապա դրանով ներդրողին ուղերձ են հղում, որ նպատակ կա Զանգեզուրի կոմբինատը վերցնելու՝ խլելու։
Երբ արդեն իսկ վաճառված բաժնեմասը պետությունը հավակնություն է ունենում խլելու, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարություն է անում, որին հաջորդում են գործողություններ, ու չկա որևէ լուրջ հիմնավորում, թե այդ ի՞նչ տնտեսական հանցագործություն է կատարվել, վերլուծությունները հանգեցնում են նրան, որ կա հավակնություն ուղղակիորեն այդ գործարանը խլելու»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ հիշեցնելով, որ շատ մեծ է Սյունիքից սյունեցիների արտագաղթի վտանգը, որովհետև սովորաբար բոլոր տնտեսվարողները ֆինանսական բեռի տակ հայտնվելու դեպքում առաջինը կպնում են աշխատողների աշխատավարձերին։
Անդրադառնալով կոռուպցիայի, հովանավորչության, տնտեսական հանցագործության պայքարի անվան տակ բիզնես գործունեություն իրականացնողի աշխատանքը խոչընդոտելու՝ գործող իշխանության վարած քաղաքականությանը՝ Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ նախքան այլոց նման բաների մեջ մեղադրելը հենց իրենք իրենց պետք է ազատեն կոռուպցիայից։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Կառավարության ամբողջ կազմը ստում է, թե կոռուպցիան վերացրել է. միգուցե որոշակիորեն վերացրել են ստորին օղակներում, բայց միևնույն է՝ կոռուպցիա կա։ Բերեմ նրանց կողմից կոռուպցիայի դասական օրինակներ. մեկ անձից գնումները, ոչ կոմպետենտ պաշտոնյաներին պաշտոնների նշանակելը, այն է՝ հովանավորչությունը, մի՞թե կոռուպցիա չէ։ Կոռուպցիայի դասական օրինակ էլ բերեմ՝ 24 միլիոն դրամի շրջանառությունը չգերազանցող տնտեսվարողին ազատել են հարկից, և հիմա խանութի տերը հարկային տեսուչի հետ կարող է գալ պայմանավորվածության, ՀԴՄ կտրոնները չխփել ու, միշտ մնալով 24 միլիոն դրամի շրջանառությունը չգերազանցող, հարկ չտալ, իսկ սա կոռուպցիայի դասական օրինակ է»,- ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում