«Արտահերթ ընտրությունները չեն լուծել ճգնաժամը․ իշխանությունները, որոնք առաջացրել են այդ խնդիրները, դրանք լուծելու որևէ պոտենցիալ չունեն». Սոս Հակոբյան

 «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը 168.amի հետ զրույցում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լուծել են ստեղծված ճգնաժամը, նկատեց՝ ճգնաժամն առհասարակ չի կարող լուծվել արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ ճգնաժամն առաջացել էր Արցախի Հանրապետության մեծ մասի կորստով և Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլումով։

«Ընտրությունների արդյունքում այս խնդիրներից որևէ մեկը չի լուծվել. ո՛չ Արցախի հարցով որևէ հստակություն ունենք՝անվտանգության ապահովման, կարգավիճակի բանակցային գործընթացի վերաբերյալ, չի լուծվել նաև Հայաստանի սահմանային անվտանգության հարցերը, քանի որ ՀՀ սահմանները թշնամու կողմից ենթարկվում են նոր խոցումների և առաջանում են խնդիրներ թե՛ Երասխում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում։ Արտահերթ ընտրությունների արդյունքում այս հարցերը չեն լուծվել և չեն էլ կարող լուծվել, քանի որ այն իշխանությունները, որոնք առաջացրել են այդ խնդիրները, դրանք լուծելու որևէ պոտենցիալ չունեն։ Առհասարակ այն մակարդակում, որում խնդիրներն առաջանում են, այդ մակարդակում խնդիրները չեն լուծվում, սա բոլորին է հայտնի»,- ասաց Սոս Հակոբյանը։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությանը, Սոս Հակոբյանը նշեց, որ բազմիցս  հայտարարել են, որ «Հայրենիք» կուսակցությունն առհասարակ աշխատում է ի շահ Հայաստանի։

«Եթե դա կլինի այլ երկրներում ՀՀ շահերի սպասարկում և ներկայացում, մենք ունենալու ենք մեկ խնդիր՝ իրացնել ՀՀ շահերը։ Այստեղ, բնականաբար, ներքաղաքական որևէ խնդիր առաջ չի մղվելու։ Մենք ասել ենք, որ հանդես ենք գալու կոշտ ընդդիմադիր դիրքերից և մեր աշխատանքի նպատակը լինելու է մի կողմից՝ կանխել ՀՀ քաղաքացիներին ու երկրին վնաս տվող որոշումների ընդունումը, որն առաջ կբերվի իշխանության կողմից, բայց  եթե ինչ-որ հրաշքով մի օր բերեն լավ նախագիծ, մեր համար ինքնանպատակ չի լինելու այդ  նախագիծը քարկոծելը և դրան դեմ քվեարկելը»,- եզրափակեց Սոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին, ընդգծելով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ արտահերթ ընտրությունները դարձել են ճգնաժամի լուծման միջոց, մինչդեռ նախկինում ընտրությունները ստեղծել են ներքաղաքական ճգնաժամ։ Միաժամանակ նա շեշտեց, որ հանուն Հայաստանի զարգացման պատրաստ են համագործակցել խորհրդարան անցած երկու ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ։

Տեսանյութեր

Լրահոս