«Հայաստանում ճգնաժամը շարունակվում է, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իրավիճակին լավ չի տիրապետում». Խաչիկ Գալստյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ ընդգծելով, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ արտահերթ ընտրությունները դարձել են ճգնաժամի լուծման միջոց, մինչդեռ նախկինում ընտրությունները ստեղծել են ներքաղաքական ճգնաժամ։

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագետ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուծել են ներքաղաքական ճգնաժամը։

Խաչիկ Գալստյանի խոսքով՝ այս հայտարարության և առհասարակ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարող է մեկնաբանություն տալ՝ որպես քաղաքագետ, իսկ «Հայրենիք» կուսակցության տեսակետը կարող է հայտնել կուսակցության մամուլի խոսնակը։

«Հայաստանում ճգնաժամը ստեղծվել է հեղափոխական իշխանության ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտական մոտեցումների արդյունքում՝ Արցախի 75 տոկոսի կորստի գնով։ Արդյո՞ք այս հետևանքները բոլորը հաղթահարված են, իհարկե ոչ։ Հետևաբար՝ խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին, այնքան էլ տեղին չէ։ Հայաստանում ճգնաժամը շարունակվում է, քանի որ երկիրն ունի անվտանգության ճգնաժամ, ու դա գոյաբանական ճգնաժամ է։ Թշնամին այնքան է լկտիացել, որ արդեն Հայաստանի տարածքում է, և այդ ինքնիշխան տարածքներից ներս մտնելով՝ թիրախավորում է նաև խաղաղ բնակչությանը։ Սա է ճգնաժամը, որն այսօր հաղթահարված չէ։ Հետևաբար՝ այս տեսանկյունից վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, կարծում եմ՝ իրավիճակին լավ չի տիրապետում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Գալստյանը։

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ իշխանությունների նման գործելաոճը, իներցիոն քայլերը ոչ մի տեղ տանող ճանապարհ են, Հայաստանի բնակչության այն հատվածը, որն աջակցություն ցույց տվեց ներկայիս իշխանությանը և օգնեց վերարտադրվելուն, օգնեց նաև,  որպեսզի Հայաստանում ճգնաժամը շարունակվի, որի արդյունքում ՀՀ պետականության նավն արդեն հասել է խորտակման եզրին։

«Գուցե դա լինի, հետո մարդիկ հասկանան, թե այս իշխանություններն ինչքան ապաշնորհ են։ Ցավոք, ՀՀ կառավարման ղեկին հայտնված իշխանությունների մանիպուլյացիոն գերդոզավորման արդյունքում մեր հասարակությունում կա մեկ հատված, որն ատում է նախկիններին ավելին, քան սիրում է իր հայրենիքը։ Քանի դեռ նման մոտեցում կա, բնականաբար, մենք չենք կարող խոսել ապագայի մասին»,- հավելեց Խ. Գալստյանը։

Միաժամանակ քաղաքագետն ընդգծեց, որ ով էլ ՀՀ-ում գա իշխանության՝ բացի ներկայիս իշխանություններից, թշնամին չի կարող այսօրվա տոնայնությամբ խոսել Հայաստանի հետ։

«Թշնամին երևի ներկայիս իշխանություններին ամենալավը գիտի։ Այս  իշխանություններին թշնամին հրապարակային, մարտական ռինգում, կապիտուլյացիայի ու նոկաուտի է ենթարկել և մինչև վերջ ցանկանում է քերել ամեն ինչ։ Թշնամին անփոփոխ է, թուրքի կամ ադրբեջանցու մտածողության մեջ նշույլ անգամ փոփոխություն չկա՝ դեպի խաղաղասիրություն, խաղաղ հարևանություն, սա նշանակում է, որ ուղղակիորեն հանձնվել են թշնամու ողորմածությանը, գուցե դաշնակիցների։ Սակայն, եթե սրանք իրենցից որևէ բան չեն ներկայացնում, չեն կարողանում իրենց տունը՝ հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանել, որևէ մեկից չպետք է օգնություն ակնկալեն»,- եզրափակեց Խաչիկ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս