Որն էր Սուրեն Սահակյանի առաքելությունը ՊՆ-ում, և ինչ է սպասվում Վաղարշակ Հարությունյանից հետո

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի հունվարի 14-ին:

Իրականում Սուրեն Սահակյանը երեկվանից ինքն էր որոշել, որ պետք է հեռանա այդ պաշտոնից՝ Վաղարշակ Հարությունյանի՝ ազատման դիմում գրելուց հետո:

Սուրեն Սահակյանը ռազմական ոլորտից հեռու էր, և նրա նշանակումը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում չողջունվեց, ավելի ճիշտ՝ չհասկացվեց:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու արդեն նախկին փոխնախարարին, ով նաև ֆինանսական, տնտեսական կառույցներում աշխատելու փորձ ունի, վստահվել էր տնտեսական ուղղությունը՝ գնումների գործընթացը:

1991-ին Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարարի, 1991-1992 և 1993թթ.-երին Հայաստանի հարկային պետական տեսչության պետի պաշտոնները զբաղեցրած, իսկ 1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան աշխատած Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարարություն էր եկել իր ընկերոջը՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին օգնելու համար:

«Տոգարմա» տելեգրամյան ալիքը գրում է, որ այդ օգնությունը ենթադրում էր՝ «մաքրել» պաշտպանական գերատեսչությունը Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազդեցությունից, ինչը, սակայն, ձախողվեց. Դավիթ Գալստյանի մարդիկ շարունակում են աշխատել ՊՆ-ում, իսկ ինքը՝ Դավիթ Գալստյանն էլ կալանքից ազատ արձակվեց ամիսներ առաջ:

Մյուս կողմից, մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ Դավիթ Գալստյանին «խաղից» ցանկանում էր դուրս հանել իշխանական Անդրանիկ Քոչարյանը, որն իր «վերահսկողության տակ» էր պահում Վաղարշակ Հարությունյանին և նրա շրջապատին, ավելին, «զենքի գործ» էր փորձում անել:

Ինչևէ, «Տոգարմա» տելեգրամյան ալիքը ենթադրում է, որ դեռ երանի ենք տալու Վաղարշակ Հարությունյանին և նրա թիմին, թեպետ այս դեպքում կարգուկանոնի հաստատման լուրջ խնդիրներ կային պաշտպանական գերատեսչությունում և ոչ միայն:

168.am-ը ավելի վաղ գրել էր, որ ՊՆ որոշ վարչության պետեր, իմանալով, որ Արշակ Կարապետյանը նշանակվելու է ՊՆ, հավաքել էին իրերը՝ անհամատեղելի համարելով իրենց հետագա աշխատանքն Արշակ Կարապետյանի հետ, քանի որ պաշտպանության ապագա նախարարը դեռ այդ պաշտոնում չնշանակված՝ իր կանոններն է սկսել թելադրել:

Երեկ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՊՆ առաջին տեղակալ և այսօր ՊՆ անձնակազմի հետ հանդիպմանը հայտարարել է՝ «բարեփոխումները բավականին արագ են լինելու»:

168.am-ի տեղեկություններով, պաշտպանական գերատեսչությունում կրճատումներ և օպտիմալացումներ են լինելու, ինչո՞ւ չէ՝ կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում չի բացառվում, որ մոտ 1800 հոգանոց կենտրոնական ապարատը մի քանի հարյուր աշխատակցով կրճատվի: Ասում են՝ ՊՆ-ում և ԳՇ-ում նույն ֆունկցիան կատարող աշխատակիցներին են կրճատելու: Գուցե ազատվեն նաև բուտաֆորիկ կառույցներից, որոնք, չգիտենք՝ ինչով են զբաղված, օրինակ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը, որի ղեկավարը Ջալալ Հարությունյանն է: Ոչինչ չենք հուշում այս առումով, բայց մեկ հուշում-հորդոր կարող ենք անել՝ ազատվեք իրապես այն կառույցներից և մարդկանցից, որոնք ոչնչով չեն զբաղվում, և ոչ երբեք պետքականներից՝ ելնելով քաղաքական կամ մասնագիտական քմահաճություններից:

Հանուն արդարության պետք է նշել, որ Վաղարշակ Հարությունյանի օրոք աննպատակ նշանակումներ եղել են՝ խորհրդականների տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս