«Իշխանությունը պետք է հեռանա, նրանք փողոցով են եկել, փողոցով էլ պետք է «լարենք», ու դրա համար բոլորը պետք է փողոց դուրս գան». Գևորգ Գևորգյան
Հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Ավելին՝ թշնամին հուլիսի 20-ին մինչև ժամը 02։00-ը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Թշնամին կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ, մասնավորապես՝ Կութ գյուղի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, նկատեց՝ այժմ տրվել է այն ռազմական գործողությունների անոնսը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ։
«Սա նույն սցենարն է, ինչ եղել է Արցախի հետ, որը փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանը, Ալիևն այնտեղից հոխորտում է, սրանք այստեղից արձագանքում են։ Սրանով հասարակության ուշադրությունը շեղում են և փորձում են ինչ-որ ձևով ռազմական գործողությունների վերսկսման մթնոլորտ տարածեն մարդկանց շրջանում։ Սակայն իրականում այսօր թշնամու առաջին խնդիրը ոչ թե Երասխն ու Տավուշն է, այլ Սյունիքն է։ Առաջին հարցը, որն այսօր իրենք պետք է լուծեն՝ Սյունիքի հարցն է, իսկ հաջորդիվ կանցնեն Տավուշի «անկլավներին», դրանից հետո՝ Երասխի խնդրին։ Կրկնում եմ՝ թշնամու առաջին խնդիրը պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, իսկ դրա համար առաջինը պետք է վերցնեն Սյունիքը։
Այսօր թուրքերն ունեն պատմական հնարավորություն, և իրենց քաղաքական վերնախավը բոլոր ջանքերն օգտագործում է վարկաբեկելու Հայաստանին, ամեն հնարավոր ճանապարհներով ստեղծում է իր համար բարենպաստ ճանապարհ, որպեսզի եթե նույնիսկ գնա ռազմական գործողությունների, դա դիտվի՝ որպես թույլատրելի իրավիճակ»,- նշեց Գևորգ Գևորգյանը։
Ըստ նրա՝ թշնամին ամեն հնարավոր միջոցներով օգտվում է «պատմական հնարավորությունից», որովհետև Հայաստանն ունի թրքամետ իշխանությունը, նրանք իշխանազավթներ են, որոնք իշխանության են եկել թշնամու ծրագրերն իրականացնելու համար։
«Այսօր հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր ապրում է այն պատմական ժամանակաշրջանը, երբ ոչ թե Վանից, Մուշից է փախնելու ու զիջելու թուրքին, այլ եթե այսպես շարունակեն՝ Հայաստանից են փախնելու ու այն զիջեն թուրքին, եթե Հայաստանն էլ զիջեն, այլ գնալու տեղ չեն ունենա։ Իմ ամբողջ գիտակից կյանքում մարտնչել եմ քաղաքական ու մարտի դաշտում, փողոցում, և ամեն հնարավոր տեղերում, բայց իմ ու իմ նման մարդկանց կողքին պետք է կանգնի յուրաքանչյուր հայ՝ մտածելով, որ ինքը պայքարում է իր սեփական տան, ընտանիքի անվտանգության համար։ Եթե դուրս չեկան, ապա պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ մի օր թուրքն իր դուռը բացելու է ու ասելու է՝ արի այստեղ «ռաբ»։ Հայ մարդն այսօր պետք է դուրս գա փողոց, մանդատներով, պառլամենտով, պուպուշ հագնված իշխանազավթներից իշխանություն չեն կարողանալու վերցնեն։ Իշխանությունը պետք է հեռանա, նրանք փողոցով են եկել, փողոցով էլ պետք է «լարենք», ու դրա համար բոլորը պետք է փողոց դուրս գան։ Սա պաշտոնի համար պայքար չէ, սա երկիրը փրկելու պայքար է»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը։