«Ի՞նչ անի գյուղացին, հավի թխսկանի նման երեխեքին հավաքում են մի տեղ՝ քնում-հելնում»․ հերթական կրակոցները՝ Կութի դիրքերում
Հակառակորդը երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերում 3 ժամից ավելի կրակոցներ է արձակել։ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում։
«Մինչև ուշ գիշեր՝ 00։30-ը, կրակել են, իհարկե, կարճ ընդմիջումներ էին լինում, բայց նորից ակտիվ կրակում էին․ կրակելուց լուսավորվում էր»,- պատմեց համայնքի ղեկավարը, ապա հավելեց, որ զոհեր, վիրավորներ չունենք։
«Եթե վիրավորներ լինեին՝ շտապ օգնություն կբարձրանար, կիջներ, ոչ մի շարժ չի եղել։ Առավոտ էլ սովորական, լռություն, ոչ մի բան»,- ասաց Չիտչյանը։
Հետաքրքրվեցինք, թե գյուղացիների վիճակը ո՞նց է, ի՞նչ տրամադրություն է նրանց մոտ․
«Ի՞նչ անի գյուղացին, ճարը ի՞նչ, որտե՞ղ գնա գյուղացին, ո՞ւր գնա, ինչո՞վ գնա, որ խեղդված, ստիպված, վախվխելով, հավի թխսկանի նման երեխեքին հավաքում են մի տեղ՝ քնում-հելնում, դա ապրե՞լ է, ի՞նչ անեն, որտե՞ղ գնան․․․ Վախը էլի կա, որ կրակոցները լսել էին, զանգել՝ հարցնում էին՝ ի՞նչ անենք, ասացի՝ ոչ մի բան, նրանք գյուղի վրա չեն կրակի, հանգիստ մնացեք, երեխեքին մի վախեցրեք, եթե նման բան լինի, տարհանում լինի, ասելու են, ես էլ ձեզ եմ ասելու․․․»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։
Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։