«Կրակոցները մեզ համար սովորական են դարձել, կրակոցի ձայներ լսելուց ոչինչ չենք անում, կանգնում ու սպասում ենք, թե ինչ կլինի». Նորաբակի գյուղապետ
Ադրբեջանը հուլիսի 19-ին կրակոցներ է արձակել հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև սադրիչ գործողությունների է դիմել Երասխի հատվածում։
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
«Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները»,- տարածած հաղորդագրության մեջ նշել էր Պաշտպանության նախարարությունը։
168.am–ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ թշնամու արձակած կրակոցների ձայնը Նորաբակում էլ է լսվում, սակայն թույլ, քանի որ սարերում են կրակում։
«Մասնավորապես երեկ կրակոցների ձայնը թույլ ենք լսել, սարերում են կրակում, թուրքն է, էլի, կրակում է, ի՞նչ իմանամ՝ որտեղից կամ որ ուղղությամբ է կրակում։ Ճիշտ է, բնակիչներն իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքով են, բայց դե անհանգիստ են, թշնամին իրենցից այդքան էլ հեռու չէ, չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը։ Եթե իմանայի՝ ինչպես պետք է այս վիճակից դուրս գանք, հարցը շուտ կլուծեի, բայց իսկապես չգիտեմ։ Այդ կրակոցները մեզ համար արդեն սովորական են դարձել, կրակոցի ձայներ լսելուց՝ էլ ոչինչ չենք անում, կանգնում ու սպասում ենք, թե ինչ կլինի»,- նշեց Վազգեն Ասատրյանը։
Ըստ նրա, մինչև այս պահը գյուղից որևէ ընտանիք չի հեռացել, բայց չգիտի, թե որոշ ժամանակ անց ինչ կլինի։
«Այսօր բնակիչները չեն կարողանում իսկի իրենց խոտը հավաքեն, բոլոր դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, ինչ էլ մնացել է մեզ մոտ, գտնվում է ուղիղ նրանց թիրախում։ Ինչ վերաբերում է գարու և ցորենի բերքահավաքին, դեռ չենք սկսել, այդ դաշտերը համեմատաբար թշնամու դիրքերից հեռու են»,- հավելեց նա։