
Առաջին կիսամյակում Ադրբեջանն ու Ռուսաստանն ավելացրել են ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 1,342 մլրդ դոլարի

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է $1,342 մլրդ, ինչը 3,7%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի կայքին հղումով:
Կոմիտեի տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին Ռուսաստան ադրբեջանական ապրանքների արտահանումը կազմել է $418,506 մլն (9,9%-ով պակաս, քան նախորդ տարի), իսկ ՌԴ-ից ներկրումը՝ $923,995 մլն (1,1% աճ):
Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային վարչության, առաջին կիսամյակի տվյալներով, Ռուսաստանը երրորդ տեղում է Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում՝ Իտալիայից և Թուրքիայից հետո: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղից Ադրբեջանն ապրանքներ է ներկրում:
2020 թվականի տվյալներով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 11,6%-ով և կազմել 2,671 մլրդ դոլար: