Գնաճի նոր ռեկորդներ

Այս տարվա հունիսը նախորդ տարվա համեմատ՝ գնաճի նոր, աննախադեպ (հակա)ռեկորդներ սահմանեց: Այդպես պնդում է պաշտոնական վիճակագրությունը:

Պնդում ու հայտարարում է, որ գնաճն ամենաբարձրն է այս տարվա ընթացքում:

Նախորդ տարվա հունիսի համեմատ՝ գնաճը կազմել է 6.5 տոկոս: Ինչպես միշտ, առաջինը ներկայացվում է «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախումբը: Ներկայացվում է իր 8.8 տոկոսանոց գնաճով: Իսկ բուն սննդամթերքը՝ առանց այդ «ոչ ալկոհոլային խմիչքների», մեր երկրում թանկացել է ուղիղ 9 տոկոսով:

Պաշտոնապես հենց առանձին սննդամթերքների գծով է գրանցվել ամենամեծ գնաճը, ուր, օրինակ, հացաբուլկեղենի 8.1 տոկոսանոց թանկացումը մյուս մթերքների գնաճի հետ համեմատած՝ նույնիսկ կարելի է անվանել «համեստ»:

Ավելին՝ ալյուրի 8.3 տոկոսանոց գնաճը կարելի է անվանել «պարկեշտ» (հացի թանկացման պաշտոնական թիվը 8.4 տոկոս է): Համարժեք ածականներով կարելի է ներկայացնել նաև կաթնամթերքի գնաճը: Չնայած, որ այն արդեն երկնիշ է՝ «10.4 տոկոս»:

Եթե երկնիշ գնաճն անվանենք «անամոթ», ապա այն սկսվում է, օրինակ, բրնձից: Բրինձը վերջին մեկ տարում թանկացել է 12 տոկոս: Թռչնամսի ցուցանիշը 17.8 տոկոս է: Իսկ թարմ ձկան 22.5 տոկոսանոց գնաճից անհանգստացողներին կարելի է «մխիթարել»՝ ասելով, որ սառած ձուկն ավելի համեստ գնաճ ունի:

Խոզի մսի թանկացման «գնահատականը» 25 տոկոս է: Տարիներ առաջ խորհրդարանական մի պատգամավոր մսի ու կարագի գնաճի փաստը շատ ինքնատիպ էր արդարացրել: Ըստ նրա, այս մթերքների գնաճը պարզ սպառողը ցավոտ չի տանի, որովհետև «ժողովուրդն ամեն օր միս ու կարագ չի ուտում»: Նորօրյա իշխանավորներն այս հարցում օրիգինալ չեն:

Արդեն նախկին նախարարներից մեկը սպառողներին խորհուրդ էր տալիս որևէ մթերքի գնաճի դեպքում օգտագործել փոխարինողը: Այս պարագային այդ խորուրդն անարժեք է: Մեղմ ասած: Որովհետև կարագի 13.8 տոկոսանոց գնաճի դիմաց «Յուղեր, ճարպեր» (իմա՝ ձեթ) մթերքները թանկացել են 36.5 տոկոսով:

Ձեթի թեման հայտնի պատճառներով հարկ է շարունակել՝ առանձնացնելով շաքարի գնաճի ցուցանիշը: Այս տարվա հունիսին անցած տարվա հունիսի համեմատ՝ շաքարը թանկացել է 43.2 տոկոսով: Բուն սննդամթերքի գնաճի թվերն ամփոփենք «ամենաանբարոյական գնաճի» դափնիներին հավակնող մի ցուցանիշով:

Մանկական սնունդը մեր երկրում թանկացել է 10.2 տոկոսով: Իսկ բուն ալկոհոլային խմիչքների մասին պաշտոնական հաշվետվությունն արձանագրում է 13.5 տոկոս: Ծխախոտի գնաճը ուղիղ 9 տոկոս է:

Սննդամթերքից հետո պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է «Հագուստ և կոշիկ» ապրանքախումբը: Սրան կարելի էր չանդրադառնալ, եթե այստեղ վիճակագրությունն այդքան համահունչ չլիներ մանկական սննդի գնաճին: Նորածինների (0-2 տարեկան) և 3-13 տարեկանների հագուստը թանկացել է նույն 10.2 տոկոսով՝ մանկական սնունդի նման:

Ավելացնենք՝ մանկական հագուստի գնաճի տեմպը շատ բարձր է մեծահասակների հագուստի գնաճի համեմատ: Ինչը, հավանաբար, համահունչ չէ իշխանությունների ժողովրդագրական (արդեն մոռացված) ոչ այն է՝ ծրագրի, ոչ այն է՝ խոստման հետ: Այս ծրագիրը հիշելով՝ կարելի է ուշադրություն դարձնել «Առողջապահության» ոլորտի գնաճին: Միայն երկու տվյալ:

«Դեղագործական ապրանքներ» տողի դիմաց գնաճի 12.3 տոկոսանոց ցուցանիշ է: Պարզ ընթերցողին, հարկավ, քիչ կհետաքրքրի «Բժշկական գործունեության այլ արտադրանք» անունով հաշվառվող գույքի 17.7 տոկոսանոց գնաճը: Դրա համար սպառողը հետո է վճարելու:

Փոխարենը՝ պարզ սպառողը ֆեյսբուքային ու ուղղակի շփումների խոսք ու զրույցի թեմա է դարձրել տրանսպորտի թանկացումը (հիմնականում տաքսի ծառայությունների մասին է խոսքը): Սրա ուղղակի և ոչ ուղղակի պատճառ կարելի  համարել այն, ինչ կատարվում է տրանսպորտի ոլորտում: Պաշտոնապես այստեղ գնաճը 12.3 տոկոս է:

Նախ արձանագրենք, որ օգտագործված ավտոմեքենաների գնաճը կազմել է 10 տոկոս: Այս ոլորտում արձանագրված «աննախադեպ, հեղափոխական և այլ» գնաճը, հարկավ, այս կամ այն կերպ հարվածելու է բոլորիս: Օրինակ, գյուղմթերքների գներով: Որովհետև դիզվառելիքը վերջին մեկ տարում մեր երկրում թանկացել է 47 տոկոսով:

Այն, որ տրանսպորտի ոլորտի թանկացումները հանգեցնելու են ընդհանուր գնաճի՝ կարելի է պնդել բենզինի 59.2 տոկոսանոց գնաճ արձանագրելով: Այս դեպքում իշխանությունները խնդիր են ունենալու համոզել, որ ներքին գնաճը համաշխարհային գնաճի արտացոլում է:

Վառելիքն այդքան որևէ տեղ չի թանկացել: Ի վերջո, նույն պաշտոնական վիճակագրությանը համաձայն՝ ԵԱՏՄ միջին գնաճը մայիսին տարվա սկզբի համեմատ 3.6 տոկոս էր, Եվրամիության անդամ երկրներում՝ 2.3 տոկոս, իսկ մեր երկրում՝ 4.7:

Տեսանյութեր

Լրահոս