«Կարծիք հայտնելը ես տարբերում եմ դատողություններ անելուց». Դավիթ Գրիգորյան
Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի էր ունենում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարարը: Դիմումի հիմքում դրված էր ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը:
Դիմող կողմի, ապա նաև Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչների ելույթներից հետո հանդես եկավ դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով դիմող կողմի հայտարարությանը, թե Գրիգորյանը հարցազրույց տալիս կարծիք է հայտնել կոնկրետ դատավորի վարույթում գտնվող քրեական գործով:
«Ես պնդում եմ, որ կարծիք հայտնելը ես տարբերում եմ դատողություններ անելուց, և իմ կողմից զուտ իրավական դատողություններ են կատարվել և իրավական վերլուծություններ են կատարվել տեսական հայցերի շուրջ: Եվ դրա վառ ապացույցը հանդիսանում է նրանում, որ երբ հարց է տրվել՝ «այ, հիմա ի՞նչ պետք է անի Աննա Դանիբեկյանը», ես պատասխանեցի շատ կարճ և կոնկրետ, հստակ, որ ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ դա կդիտվի իմ կողմից միջամտություն մեկ այլ դատավորի վարույթում գտնվող քրեական գործին:
Հավաստիացնում եմ Ձեզ, որ մինչ այդ կատարված բոլոր հարցադրումներն իրենց բնույթով, իրենց բովանդակությամբ որևէ կերպ, թեկուզ անուղղակիորեն, վերաբերելի չեն եղել, և հնարավոր չի եղել մտածել, որ դրանք ուղղված կլինեն կոնկրետ դատավորի վարույթում քննվող քրեական գործին: Դրանք եղել են, նորից եմ կրնում, իրավական տեսական հարցերի շուրջ հարցադրումներ, և իմ կողմից համապատասխան դատողություններ և վերլուծություններ են կատարվել, և կարծում եմ, որ դատողությունը և կարծիքը կարելի է տարանջատել շատ հստակ, որովհետև դատողություն կատարելը մի բան է, իսկ կարծիք հայտնելը՝ լրիվ մեկ այլ բան: Հնարավոր է, որ միանգամից կարծիք հայտնվի, ոչ թե դատողություն կատարվի, հնարավոր է նաև, որ դատողություն կատարվի և կարծիք չհայտնվի, և սա այդ դեպքերից է»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Դատավորի խոսքով՝ միջնորդության հեղինակ մարմինը այդպիսով փորձում է Գրիգորյանի կարծիք չհայտնելու միտումը չեզոքացնել հարցազրույցում հնչած վերջին հարցի պատասխանով՝ առանց կոնկրետ նշելու, թե որ արտահայտությունն է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը: