«Տարօրինակ է, որ ձայնագրության ամբողջական տարբերակը չի պահանջվել լրագրողից. սույն վարույթի շրջանակում գործ ունենք մեղքի դեֆիցիտի հետ». դատավոր Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչներ

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի է ունենում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը. Նախարարության ներկայացուցիչն այս նիստին արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է: Նիստին ներկա են նաև ԲԴԽ անդամներ, ինչպես նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը և վերջինիս ներկայացուցիչներ Գեորգի Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը վերջինիս հետ:

«Դավիթ Գրիգորյանն այդ հարցազրույցում որոշակի կարծիք է հայտնել, որը դիտարկել են՝ որպես դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին հնարավոր միջամտություն: Հենց այս հիմքով են հարուցել կարգապահական վարույթ»,- ասել էր Գեորգի Մելիքյանը:

Նախ ելույթ ունեցավ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, նրան տրվեցին հարցեր, այդ թվում՝ նաև Դավիթ Գրիգորյանի ու նրա ներկայացուցիչների կողմից, ապա խոսքը փոխանցվեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին:

«Փաստական հիմքը ընդհանրական հայտարարություններ կատարելն է, և մենք չունենք օրենքի 69-րդ հոդվածում թվարկված կանոն, որն ինքնին արգելում է դատավորի կողմից հայտարարություններ կատարելը, և այստեղ ըստ էության կենսական է դառնում հայտարարությունների առարկան»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ արված հայտարարության ասոցացումը որևէ գործի հետ դեռևս բավարար չէ 7-րդ կետի խախտում համարելու համար:

Իր խոսքի ավարտին Սիրանուշ Սահակյանն ասաց, որ սույն վարույթի շրջանակում գործ ունենք մեղքի դեֆիցիտի հետ:

«Կարծում ենք՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերի բացակայության պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ մյուս փաստարկներին կանդրադառնա Գեորգի Մելիքյանը:

Սիրանուշ Սահակյանին հարցեր չտրվեցին, ինչից հետո միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը ելույթով արտահայտեց դատավոր Դավիթ Գրիգորյանի մյուս ներկայացուցիչն այս վարույթի շրջանակում՝ Գեորգի Մելիքյանը, ով նույնպես պնդեց, որ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջնորդությունը Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ենթակա է մերժման:

«Դատավոր Գրիգորյանը չէր կարող գուշակ լիներ, որ կարող է նման միջնորդություն ներկայացվել, և այդ գործով արտահայտեր որոշակի դիրքորոշում: Այն դիրքորոշումը, որը դատավոր Գրիգորյանն արտահայտել է լրագրողի հետ զրույցում, եղել է բացառապես տեսական վերլուծություն»,- ասաց Գեորգի Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ տարօրինակ է, որ ձայնագրության ամբողջական տարբերակը չի պահանջվել լրագրողից:

«Չի պահանջվել ամենակարևոր փաստական հանգամանքը, թե ինչ հարցադրումներ են ուղղվել դատավոր Գրիգորյանին, արդյո՞ք յուրաքանչյուր հարցադրման մեջ եղել է որևէ հղում, եղե՞լ է օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն, որ դա կարող էր առնչվել Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին: Սա էր ամենակարևորը: Դավիթ Գրիգորյանի խոսքը վերաբերել է ՍԴ-ի կողմից ապաքրեականացված հոդվածին»,- ասաց դատավորի ներկայացուցիչը:

Կարգապահական վարույթ հարուցելու հարցով նիստը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս