Ովքեր են թելադրում խաղի կանոնները

Գնաճի տեմպն այս տարի Հայաստանում բարձր է ու շարունակում է բարձրանալ։ Տասներկուամսյա գնաճը հունիսին հատել է 6,5 տոկոսի սահմանը։ Նախորդ ամսվա համեմատ այն ավելացել է ևս 0,6 տոկոսային կետով։

Գնաճը վաղուց սահմանված առավելագույն նիշից բարձր է ու առայժմ կարծես չի պատրաստվում նահանջել։ Թեև վերջին շրջանում դրա վրա ազդող կարևոր գործոններից մեկը թուլացել է։ Խոսքը փոխարժեքների մասին է։

Նախորդ տարվա վերջին արձանագրված կտրուկ արժեզրկումից հետո հունիսի կեսից նկատվում է դրամի դիրքերի ամրապնդում։ Եթե մինչ այդ դոլարի գինը տատանվում էր 520-525 դրամի սահմաններում, հիմա ցածր է 500-ից։ Այդպես է արդեն գրեթե 1 ամիս։

Կարևոր չէ, թե ինչով է պայմանավորված դրամի ամրապնդումը, մի բան հստակ է՝ այն նպաստել է գնաճային ճնշման թուլացմանն ու պիտի հանգեցներ ներմուծվող ապրանքների գների նվազեցման։ Դրամի արժեզրկումը միշտ էլ էական գործոն է համարվել սպառողական շուկաների գնային քաղաքականության ձևավորման համար։ Հիմա այդ գործոնի ազդեցությունը թուլացել է, բայց գները շարունակում են բարձր մնալ։

Ազգային արժույթի ամրապնդումից օրեր անց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ նվազել են շաքարավազի, ձեթի, կարագի և այլուրի գները։ Այս հայտարարությունից 1-2 օր հետո սպառողները բախվեցին շաքարավազի դեֆիցիտի և գների բարձրացման։

Թե ինչու այդպես եղավ, այլ հարց է։ Բայց դա խորհելու տեղիք է տալիս։

Փաստն այն է, որ շաքարավազի շուկան միշտ էլ ունեցել է բարձր կենտրոնացվածություն և այժմ էլ շարունակում է մնալ այդպիսին։ Այստեղ հիմնական խաղացողը հայտնի գործարարին պատկանող հայտնի ընկերությունն է, որը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թելադրում է խաղի իր կանոնները։ Դրա համար միշտ էլ պատճառաբանություններ ու արդարացումներ կգտնվեն, ինչպես արվել է մինչև հիմա։ Ոչինչ, որ արդյունքում տուժում է սպառողը։ Հատկապես որ, թանկացումները միայն այդ ապրանքատեսակին չեն վերաբերում։ Սպառողական ապրանքների գնաճն այս տարի Հայաստանում բարձր է, բայց առավել բարձր է սննդամթերքի գնաճը։

Հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, այն կազմել է 8,8 տոկոս։ Նույնքանով թանկացել են նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը։

Եթե նախկինում գնաճը հիմնականում պարենային ապրանքների շուկայում էր, հիմա նաև ոչ պարենային ապրանքներն են հայտնվել հարվածի տակ։ Տասներկուամսյա հատվածում հունիսին ոչ պարենային ապրանքները թանկացել են միջին հաշվով 9,5 տոկոսով։

Առավել բարձր գնաճային միջավայր է ձևավորվել վառելանյութի շուկայում։ Նախորդ տարվա համեմատ՝ գներն այստեղ շատ կտրուկ են բարձրացել. բենզինը թանկացել է՝ շուրջ 60, դիզելային վառելիքը՝ 47 տոկոսով։

Դիզելային վառելիքի այսպիսի բարձր գնաճը չէր կարող չազդել գյուղատնտեսության վրա։ Գյուղմթերքի շուկայում դա ակնհայտ է։ Համատարած թանկացումներ են։ Պաշտոնական վիճակագրությունն այս տարի բանջարեղենի առնվազն 17-18 տոկոս գնաճ է արձանագրել՝ նախորդ տարվա համեմատ։ Մրգերը ևս ավելի թանկ են, միջին հաշվով՝ 9 տոկոսի չափով։

Սա բացարձակապես կապված չէ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների բարձրացման հետ։ Սա, որոշ բացառություններով, ներքին միջավայրից թելադրված գնաճ է, որը կարող էր և չլինել։

Հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը բախվել է երաշտի ու ոռոգման ջրի սակավության խնդիրներին, մեծ հավանականությամբ, առաջիկայում առերեսվելու ենք գյուղմթերքի ավելի բարձր գնաճի հետ։ Ու դա միայն մրգերին և բանջարեղենին չի վերաբերում։ Այս տարի անհամեմատ թանկ են նաև մյուս գյուղատնտեսական ապրանքները։

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում գրանցվել է 10 տոկոսից ավելի գնաճ։

Գնաճը բարձր է նաև մսամթերքի դեպքում։ Խոզի միսը թանկացել է ուղիղ մեկ քառորդով։ Գրեթե 24 տոկոսի է հասնում՝ ձկան, մասնավորապես՝ իշխանի գնաճը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկումներով՝ հունիսին նվազել է շաքարավազի գինը։ 1 տոկոսի էժանացում, նախորդ ամսվա համեմատ, տեսել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Բայց միևնույն ժամանակ արձանագրել է, որ նախորդ տարվա համեմատ՝ շաքարավազի գինը բարձրացել է ավելի քան 43 տոկոսով։

Դրանից հետ չեն մնացել յուղերն ու ճարպերը, որոնց գնաճը բարձր է 36 տոկոսից։ Արևածաղկի ձեթը 1 տարվա ընթացքում հասցրել է թանկանալ 87 տոկոսով ու դեռ չի դադարում թանկանալ։ Հունիսին ևս այստեղ գնաճը պահպանվել է։

Սննդամթերքի տարբեր տեսակների և առաջին անհրաժեշտության շատ ապրանքների այսպիսի բարձր գնաճը մտահոգիչ է։ Դա ամեն օր մեր երկրում խորացնում է աղքատությունը։ Սպառողները ստիպված են կրճատել սպառումը կամ ավելի շատ միջոցներ հատկացնել՝ նվազագույն սպառողական պահանջարկը բավարարելու համար, եթե, իհարկե, ունեն նման հնարավորություն։ Փաստ է, որ սպառողների մեծ մասը զրկված է այդպիսի հնարավորությունից, ուստի ստիպված է քչով բավարարվել կամ ուղղակի հրաժարվել սննդամթերքի առանձին տեսակներից։

Վատ է թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Բայց դա այն է, ինչ կա։

Հունիսի ցուցանիշները վկայում են, որ գնաճի զսպման մեխանիզմները, որոնք փորձում է կիրառել Կենտրոնական բանկը, դեռևս այնպիսի ազդեցություն չեն ունեցել, որ կանգնեցնեն թանկացումների ալիքը։ Տարվա առաջին կեսին գնաճը միայն խորացել է, անգամ իրականացված զսպողական դրամավարկային քաղաքականության պայմաններում։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը 6-7 ամսում ավելի քան 2 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը թուլացնելու ակնկալիքով։ Բայց այն դեռ ակտիվանում է՝ ավելացնելով սոցիալական լարվածությունը։

Այս պրոցեսը դեռ կշարունակվի։ Լավագույն դեպքում, գնաճի թուլացում կարելի է սպասել տարվա վերջին։ Սակայն դա էլ կլինի ոչ թե գների անկման, այլ ցուցանիշների տեսքով։ Գնաճի այդպիսի թուլացումը սպառողին ոչինչ չի տա։ Գնաճը կնվազի, բայց գները կշարունակեն մնալ նույնքան բարձր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս