«Որտեղ եկեղեցի կա, իսկ եկեղեցու կողքին՝ դպրոց, պետք է լինի նաև «Արմաթ» լաբորատորիա». Ջավախքում բացվեց 6-րդ «Արմաթ»-ը

Նինոծմինդայի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան 6-րդն է Ջավախքում: Այն գործում է մոտ մեկ ամիս, իսկ հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ին: Ջավախքում «Արմաթ» լաբորատորիաների հիմնադրման ծրագիրն իրականացնում են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) և ԱՏՁՄ-ը:

ՋԱՀ գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ յուրաքանչյուր բնակավայրում «Արմաթ» լաբորատորիայի բացմանն աջակցում են նաև կոնկրետ բարերարներ, կառույցներ, բարեգործական ընկերություններ. ««Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2014 թվականից առ այսօր իրականացրել է ավելի քան 100 ծրագիր, և ներառում է Ջավախքի հասարակական զարգացման բոլոր ոլորտները. «Արմաթ» լաբորատորիաները կրթական, ՏՏ-ն զարգացնելուն ուղղված կարևոր ծրագրերից մեկն է: Արդյունքները և հաջողությունները շատ-շատ են: Նինոծմինդայի հետ կապված՝ նշեմ, որ նախատեսել էինք 6 աշխատասեղան և 6 համակարգիչ, որտեղ երեխաները սովորելու էին ծրագրավորում, ռոբոտաշինություն և այլն, բայց հայտարարությունը տարածելուց հետո պարզվեց, որ ցանկացողները շատ-շատ էին: Այս պահին մոտ 150 երեխա է գրանցված, 105 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին, և մենք համակարգիչների քանակը շատացրել ենք: Այս պահին արդեն 10 աշխատասեղան կա, որտեղ կարող են միաժամանակ 20 երեխա մասնագիտական կրթություն ստանալ»:

Ջավախքում առաջին «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է 2018թ., Ախալքալաք քաղաքում, այնուհետև Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, որի ֆինանսավորումը և գործընկերը «Կարիտաս-Վրաստանն» էր, հաջորդիվ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում է բացվել, որի բարերարը ՋԱՀ խորհրդի անդամ Արման Սահակյանն է, այնուհետև բացվել է Ախալցխա քաղաքում, որը ֆինանսավորվում է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ համատեղ: 5-րդ լաբորատորիան գտնվում է Ախալցխայի շրջանի Ցխալտբիլա գյուղում:

Նինոծմինդա քաղաքում օրերս բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Վեներա Սեյրանյանն ուշագրավ պատմություն ունի: Նա Երևանում թողել է աշխատանքը և տեղափոխվել Նինոծմինդա՝ ի նպաստ երեխաների տեխնոլոգիական կրթության:

«Երկար ժամանակ աշխատել և ապրել եմ Երևանում: Երևանում վերջին աշխատանքս բիզնես պրոցեսների նախագծում և ռիսկերի կառավարում էր, կապ չուներ ծրագրավորման և ինժեներության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վեներան:

Հետաքրքրվեցինք՝ հե՞շտ էր որոշում կայացնել և Երևանից տեղափոխվել Նինոծմինդա:

«Այդքան էլ հեշտ չէր, բայց զուտ գիտակցումը՝ ինչ նպատակի համար է սա իրականացվում, և ինչ դերակատարում պետք է ունենամ այստեղ, բերեց այն եզրահանգման, որ տեղափոխվեմ Նինոծմինդա և այստեղ շարունակեմ աշխատանքս»,- ի պատասխան՝ ասաց նա:

Վեներան հայտարարությամբ է իմացել, որ Նինոծմինդայում բացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և հայտարարված է մրցույթ՝ խմբավարի հաստիքի համար.

«Նինոծմինդայի «Արմաթ» լաբորատորիաների բացման հայտարարությունը տեսա, հետաքրքրեց, և շատ ողջունելի քայլ էր՝ նման նախաձեռնություն իրականացնել հենց Նինոծմինդայում, քանի որ դարի պահանջ է հանդիսանում տեխնոլոգիական կրթություն ստանալը, ինչը բացակայում էր Նինոծմինդայում: Սա շատ լավ հնարավորություն է մեր երեխաների, սաների համար՝ նման կրթություն ստանալ. հետագայում նաև մասնագիտական կողմնորոշման հարցում ավելի հեշտ կլինի»:

Վեներայի խոսքով՝ սաների ոգևորությունը և ցուցաբերած ակտիվությունը շատ բարձր է. «100-ից ավելի երեխաներ են արդեն սովորում մեր լաբորատորիայում, և դեռ ունենք երեխաներ, որ սպասում են իրենց հերթին: Երեխաներն ունեն արդեն պատրաստի աշխատանքներ՝ անիմացիաներ, խաղեր: Երեխաները սիրով են գալիս, շատ ոգևորված են այն ամենից, ինչ հիմա անում ենք և հետագայում պետք է անենք՝ մեր դասընթացների ընթացքում: Երեխաներին շատ է հետաքրքրում թե՛ ինժեներությունը, թե՛ ծրագրավորումը»:

ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գնահատմամբ՝ ժամանակակից պահանջներով ապրելու և առաջընթաց ունենալու համար պարտադիր է, որ «Արմաթ»-ները մտնեն ցանկացած բնակավայր.

«Որտեղ եկեղեցի կա, եկեղեցու կողքին դպրոց կա, նաև պետք է լինի «Արմաթ» լաբորատորիա, որպեսզի մեր օժտված երեխաները, որոնք մեր ապագան կերտող գլխավոր դերակատարներն են, զինվեն ժամանակակից գիտելիքներով»:

Տեսանյութեր

Լրահոս