
Սիսիանի համայնքապետը ԿԸՀ մուտքագրված միջնորդության վերաբերյալ որևէ կարծիք չի հնչեցրել, նա գտնվում է արձակուրդում

Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։
Մինչ այս 168.am-ին արդեն տեղեկություններ էին հասել, որ ԿԸՀ է մուտքագրվել Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:
168.am-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանն ասաց, որ այս պահին Արթուր Սարգսյանը գտնվում է արձակուրդում։
«ԿԸՀ մուտքագրված միջնորդության վերաբերյալ նա որևէ կարծիք չի հայտնել, քանի որ գտնվում է արձակուրդում, արձկուրդը կավարտվի շաբաթվա վերջին»,- նշեց Անի Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է համայնքապետարանում ստուգումներ անցկացնելուն և աշխատակիցներին հարցաքննելուն, խոսնակը փոխանցեց, որ դրա վերաբերյալ ոչինչ չգիտի։
Նշենք, որ ազատությունից զրկված են Սյունիքի 4 համայնքապետերը՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։
Այսօր առավոտյանն էլ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Գորիսի համայնքապետին կալանավորելու վերաբերյալ։