Ինչ կլինի, եթե ՍԴ-ն պակասեցնի իշխող ուժի մանդատները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։ Եթե արձանագրում են, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, ապա մանդատների բաշխման նոր կարգ է սահմանվում, եւ ըստ այդմ՝ պակասեցնում են իշխող մեծամասնության մանդատները ու ավելացնում ընդդիմությանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Այսինքն՝ ՔՊ-ն ունի ԱԺ 2/3-ը եւ կարող է միանձնյա անցկացնել բոլոր նախաձեռնությունները, ընդունել սահմանադրական օրենքներ։
«Հայաստան» դաշինքը երեկ ՍԴ-ում պահանջեց՝ մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչեւ 3/5-ով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն խորհրդարանում չունենա 3/5։ Միայնակ չի կարող ընդունել սահմանադրական օրենքները․ համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական օրենքներ են համարվում ԱԺ կանոնակարգը, ընտրական, դատական օրենսգրքերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, հանրաքվեի, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները»: