«Եթե Հայաստանն այս ամենին չարձագանքի, կնշանակի, որ մոռացել են Արցախը կամ կողմ են դեսպանների այցին». Շուշիի քաղաքապետ
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի Ադրբեջանում հավատարմագրված երկրների դեսպանների Շուշի կատարած այցի վերաբերյալ, քանի որ այս այցով այդ երկրները բացեիբաց սատարում են Ադրբեջանի ագրեսիան։
«Սա Ալիևի ծրագրերից մեկն է, որով ուզում է աշխարհին ցույց տա, թե Շուշին գրավել է։ Կոնկրետ այդ դեսպանները, որոնք այցելել են Շուշի, ապացուցում են, որ կողմ են եղել, որ Ադրբեջանը պատերազմ սկսի և օկուպացնի Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին։ Եթե այս այցելուները քրիստոնյա են եղել, ուրեմն՝ իրենց կողմից այդ այցը դավաճանություն է։ Այցին չեն մասնակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները, նրանց քայլը շատ ճիշտ է, և դրանով ցույց են տալիս, որ կողմնակից չեն Ալիևի իրականացրած զավթողական քաղաքականությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նա վստահ է՝ եթե այս այցին Հայաստանից որևէ գերատեսչություն արձագանքի, ապա Ադրբեջանը կհայտարարի, թե Հայաստանի ի՞նչ գործն է, որ խառնվում է, քանի որ կարծում են, թե արդեն այդ տարածքներն իրենց սեփականությունն է։
«Ադրբեջանն արդեն պատկերացնում է, որ այս տարածքներն իրենն է։ Կրկնում եմ՝ այդ դեսպաններն իրենց այցով ցույց են տալիս, որ ընդունում են Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կատարվող ցանկացած վայրագություն, կարելի է ասել՝ Ալիևին նաև «դաբրո» են տալիս, ինչպես ասում են՝ նրա կատարած բոլոր քայլերը դրական են գնահատում։ Ես միշտ ասել եմ՝ աշխարհը լուռ, լալ ու կյառ է, այսքան բան է կատարվում, բայց որևէ ձայն չեն բարձրացնում։ Պետք է այս այցը մեծ աղմուկ բարձրացնի, նաև Արցախի կողմից, բայց Արցախի ձեռքերն էլ են արդեն կապած։ Հիմա Արցախին ո՞վ է լսում»,- հավելեց Շուշիի քաղաքապետը։
Նա նաև ընդգծեց, որ նախկինում, երբ հայկական կողմն էր որևէ դեսպան տանում Արցախ, Ադրբեջանը մեծ աղմուկ էր բարձրացնում, այցելուներին ներառում «սև ցուցակում», նման աղմուկ բարձրացրեց նաև, երբ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը 44-օրյա պատերազմից հետո այցելել էր Արցախ։
«Ամեն կերպ այս այցին պետք է արձագանքեն՝ Արցախն էլ, Հայաստանն էլ, եթե Հայաստանն այս ամենին չարձագանքի, կնշանակի, որ մոռացել են Արցախը կամ կողմ են դեսպանների այցին։ Պետք է արձագանքի, որ Շուշին, Հադրութը և մյուս տարածքներն Ադրբեջանինը չեն, դրանք թշնամին օկուպացրել է»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ եղած տարածքներում, այցելել են նաև Շուշի։
Արցախ, մասնավորապես, այցելել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:
Այս այցին չեն մասնակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանները։