«Պատերազմներում նա ձեռք է բերել հաշմանդամություն, Որոտանի ջոկատի հրամանատար է եղել, զենքերն ինքն է ընդունել ու բաժանել ջոկատում կռվող տղաներին». Որոտանի համայնքապետի եղբայր

Արդեն մի քանի օր է, Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալված է։ Հուլիսի 9-ի առավոտյան նրա տանը խուզարկություն կատարելուց հետո իրավապահները համայնքապետին ձերբակալել են՝ ընտրությունների ժամանակ կաշառք տալու հիմնավորմամբ։ Խուզարկության ընթացքում նրա տնից հայտնաբերվել էր նաև զինամթերք։

168.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը, ասաց, որ եղբորն անհիմն են ձերբակալել, քանի որ վերջինս ում ինչով կարողացել՝  օգնել է։

«Այսօր Սուրենի պաշտպանը հայտարարեց, որ 15 օրից նորից են գործը նայելու։ Ժողովուրդը որոշել էր ճանապարհ փակել՝ ի նշան բողոքի, բայց պաշտպանի այդ հայտարարությունից հետո որոշեց չփակել։ Իրավապահները նրան ձերբակալել են ու հիմնավորում են, թե ազատ չեն արձակում, որպեսզի գործին չխոչընդոտի։ Նա Գորիսի բանտում է, չեմ հասկանում՝ ինչպե՞ս պետք է գործին խոչընդոտի»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Ըստ նրա, բնակիչների մոտ այս պահին սպասողական վիճակ է, որպեսզի հասկանան, թե 15 օր հետո ինչ որոշում են կայացնելու. եթե Սուրեն Օհանջանյանին շարունակեն պահել ձերբակալվածի կարգավիճակում, ապա իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն։

«Քաղաքապետարանից գյուղ են եկել, հետաքրքրվել են, թե բնակիչներն ինչի կարիք ունեն, մեկը՝ խոտի, մեկը ֆինանսի խնդիր է ունեցել։ Մեր դաշտերը ժողովրդի ձեռքից վերցրել են, դրանք հիմա թուրքերի ձեռքում է, հիմա բնակիչները անասնակեր չունեն, չգայի՞ն հետաքրքրվեին, թե ոնց կարող են էս մարդկանց օգնել, գնացել են ու օգնել են։ Ես չգիտեմ, այնպիսի վիճակ է, որ Սուրենի գլխին լրիվ սարքեցին, մի հոգի բռնել են, նա էլ ասել է, թե Սուրենն իրեն փող է առաջարկել։ Սուրենը փող չի առաջարկել, լավ, որ մարդն օգնության կարիք ունի, գնա ո՞ւմ դիմի, գնա փոշտալյոնին դիմի՞։ Մարդիկ դիմել են օգնության համար, գյուղապետն էլ ասել է՝ դիմում գրի, տանեմ ներկայացնեմ քաղաքապետարան, որ այդ օգնությունը ստանաս»,- ասաց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Որոտանի համայնքապետը երբևէ որևէ մեկին չի ասել՝ գնացեք այս կամ այն քաղաքական ուժին ընտրեք, նա նույնիսկ ընտրատարածք չի գնացել։

«Նրան առհասարակ չարժեր ձերբակալել, վատառողջ է, բռնելու պատճառ չկար։ Փոխանակ մեր ժողովրդի հոգսը հոգան, մարդկանց են բռնում։ Թող տնային կալանք տային, որ մարդն ուզի՝ ամեն տեղից էլ կարող է գործին խոչընդոտի»,- հավելեց Սեյրան Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է Սուրեն Օհանջանյանի տանը եղած զենքերին, Սեյրան Օհանջանյանը պատասխանեց, որ եղբայրը պատերազմի ժամանակ եղել է Որոտանի ջոկատի հրամանատար, նա մասնակցել է Արցախի երեք պատերազմներին։

«Այդ պատերազմներում նա ձեռք է բերել հաշմանդամություն, վիրավորվել է, ջոկատի հրամանատար է եղել, բոլոր զենքերն ինքն է ընդունել ու բաժանել իր ջոկատում կռվող տղաներին։ Այնպես են ներկայացնում, որ զենքն իր սեփականությունն է, բայց այդպես չէ, այն պետական է, որը հաշվառված է իր վրա։ Նա որևէ սեփական զենք չունի։ Մարդիկ կան, որ այս պատերազմից հետո գնացել են արտերկիր, կամ տանը երեխաներ ունեն ու զենքը Սուրենին են տվել, որպեսզի նա իր մոտ պահի՝ զուտ անվտանգությունից ելնելով, բա որ ինքն էր ջոկատի հրամանատարը, ո՞ւմ տային այդ զենքը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս